ՀՀ ԱԳՆ առաջնային խնդիրն է՝ ապահովել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի առումով մեր պաշտպանական կարողությունները՝ պահպանելով  անվտանգության կայունությունը․ Աննա Նաղդալյան

«Ներկա դրությամբ մեր առաջնային խնդիրն է՝ ապահովել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի առումով մեր պաշտպանական կարողությունները և խստորեն պահպանել մեր անվտանգության կայունությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝  անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերջին օրերին աշխատում ԱԳՆ-ն, և ո՞րն է նոր իրավիճակում ՀՀ ԱԳՆ ռազմավարությունը։

Նաղդալյանն ասաց, որ ԱԳՆ-ն արտակարգ դրության իրավիճակում  ընդհանուր կառավարման համակարգի մասն է կազմում, ուստի իր մասնակցությունն է բերում ընդհանուր պաշտպանական աշխատանքներին՝ թե արտերկրում ՀՀ քաղաքացիներին աջակցելու, թե երկրի առողջապահական կարողությունների բարձրացման համար կոմունիկացիոն հնարավորությունների ապահովման առումով:

«Նշենք, որ ԱԳՆ-ն և Չինաստանում ՀՀ դեսպանությունն արտակարգ ռեժիմով աշխատանքները սկսել են փետրվար ամսից` կապված Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ: Ներկայումս արտակարգ և գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են ԱԳՆ կենտրոնական ապարատը, ինչպես նաև արտերկրում գտնվող ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները, դրանցից ոմանք անցել են 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Միաժամանակ արտաքին քաղաքական գերատեսչության գերակա խնդիրն է համապարփակ անվտանգության և կայունության պահպանումը: Այս համատեքստում մշտապես գնահատվում է տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, և մշտական կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ»,- ասաց Աննա Նաղդալյանը։

Մեր մեկ այլ հարցին, թե՝  առաջարկ է հնչել այն մասին, որ Հայաստանը կարող է հանդես գալ պանդեմիկ զինադադարի նախաձեռնությամբ, ՀՀ ԱԳՆ-ն քննարկո՞ւմ է արդյոք նման նախաձեռնություններ այս փուլում, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ դա կարծիք է, որի առնչությամբ ինքը մեկնաբանություն չունի։

Հիշեցնենք, որ օրերս նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա մասնավորապես նշել էր․ «Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար», մշակելով և ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելով այսպիսի զինադադարը հայտարարելու մասին կոչ-բանաձև:

Իհարկե, ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման փաստաթղթերը կայունացնելու են իրավիճակը մոլորակում: Սակայն մի կողմից՝ այդ նախաձեռնությունը խիստ բարենպաստ դիրքավորում կբերի մեր երկրին, կնպաստի Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ ևս մեկ կարևոր հիշեցում կհանդիսանա գլոբալ պատասխանատվության մասին իր դարդուցավով ապրող աշխարհին: Մտքում պահենք նաև Արցախյան հակամարտությունը»։

Տեսանյութեր

Լրահոս