Բաժիններ՝

Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով ստացված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն իսկ հրապարակվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.

առողջապահական կարիքների համար. բժշկական անձնակազմի խրախուսում, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում,
բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում,

սոցիալական կարիքների համար.
բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում, օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում, տրանսպորտային փոխադրումների կազմակերպում»,- գրել է Ավինյանը։

Փոխվարչապետը հավելել է, որ պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

«Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և, ցանկության դեպքում, նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն: Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան, գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»,- հավելել է Ավինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս