Բաժիններ՝

 «Այս պահին շուկայում պետական միջամտություն չկա». Տնտեսագետ

«Բանկերի ֆինանսական վիճակը կախված է լինելու տնտեսության վիճակից։ Այսինքն, եթե մեր տնտեսության առանձին ոլորտներ լինեն լավ վիճակում, ապա խնդիրներ չեն ունենա։ Կան ոլորտներ, որոնք բանկերից գումար են վերցրել և դրել իրենց բիզնեսում, հիմա, երբ ժամանակը գա, նրանք այդ գումարները պետք է հետ վերադարձնեն բանկերին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով բանկային ոլորտի ընդհանուր իրավիճակին։ Տնտեսագետի խոսքով՝ այժմ տնտեսության առանձին ոլորտներ լուրջ խնդիրներ ունեն, ճգնաժամի մեջ են, օրինակ, զբոսաշրջության, տրանսպորտի, հյուրանոցային և այլ ոլորտներ, որոնք մեծ քանակությամբ վարկեր ունեն և վստահաբար չեն կարողանալու սպասարկել և վճարել մարտ-ապրիլ ամիսների վարկերը, քանի որ չունեն շրջանառություն։

Ավելին՝ այս օրերի ընթացքում նրանք նաև աշխատողներ են կրճատում։ Սուրեն Պարսյանի բնորոշմամբ՝ այս իրավիճակը բանկերը պետք է գնահատեն՝ հասկանալով, որ, եթե բիզնեսին չընդառաջեն և առանձին ձեռնարկատերերի հետ չգան համաձայնության, ապա վարկերի հետվերադարձման հետ կապված խնդիրներ են ունենալու։

«Չնայած մեր բանկային համակարգը վարկեր տալուց բավականին խիստ պահանջներ է դնում, բավականին մեծ երաշխիքներ է վերցնում՝ անշարժ գույք և այլն, այդուհանդերձ, բանկին առաջին հերթին հետաքրքրում է իր գումարի հետ վերադարձի հարցը։ Եթե, օրինակ, հյուրանոց է կառուցվել և վարկերի չմուծման դեպքում այն անցնի բանկին, ապա այս իրավիճակում վերջինս չի կարողանալու վաճառել հյուրանոցը և իր գումարը ստանալ։ Հետևաբար՝ բանկը որոշակի ռիսկերի ու կորուստների պետք է գնա, չի լինելու այնպիսի իրավիճակ, երբ բանկերը շահեն, իսկ տնտեսության իրական ոլորտները տուժեն։ Տուժելու են բոլորը, պարզապես այս դեպքում վնասը կբաշխվի ոչ թե մի քանի ոլորտների, այլ ամբողջ տնտեսության վրա»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետը հույս հայտնեց, որ այս իրավիճակում պետությունն անմասն չի մնա և աջակցություն կցուցաբերի առանձին ոլորտների։

Նա կիսում է վարչապետի այն տեսակետը, որ պետք չէ այս իրավիճակում արտոնություններ տալ բոլոր վարկառուներին, օրինակ, եթե «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը մեծ վարկեր է վերցրել իր բիզնեսի համար, նրա դեպքում զիջումներ չպետք է լինեն, քանի որ առևտրի ծավալը 30-40 տոկոսով ավելացել է։ «Այստեղ շատ կարևոր է, որ աջակցությունը սկսվի ձեռնարկություններից, քանի որ, եթե ձեռնարկությունն ունենա ֆինանսական վատ վիճակ, պարզապես աշխատող չի պահելու, աշխատողն էլ, իր հերթին՝ չի կարողանալու վարկերը փակի։ Այս իրավիճակում Կառավարության կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն, հատկապես մասնավորի դեպքում, պետք է ուղղակի և անուղղակի քայլեր իրականացվի։ Կենտրոնական բանկը պետք է վերանայի վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ նվազեցնի մինչև 0.5 տոկոսով, խոշոր գերտերություններն արդեն իսկ այդ քայլին դիմել են, այդ դեպքում կունենանք ավելի մատչելի վարկեր ու վարկային փաթեթներ։ Քայլերից մեկով էլ պետք է հետաձգվի բիզնեսի համար որոշ վարկերի մարումները, որը թույլ կտա այս իրավիճակից դուրս գալ, գոնե 3-6 ամսով այդ հնարավորությունը պետք է տրվի։ Շատ կարևոր է նաև, որ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականությունը վերանայի, կոնկրետ պահուստային ֆոնդից նախատեսի գումար տնտեսական ճգնաժամը կանխարգելելու համար»,- հավելեց Սուրեն Պարսյանը։ Ըստ նրա, եթե, օրինակ, կան տարածքներ, որոնք պետությունը վարձակալությամբ է տրամադրել այս կամ այն ընկերությանը, ապա կարող է 1-2 ամսով հետաձգել վարձի գանձումը, որով հնարավորություն կտա բիզնեսին շարունակելու իր գործունեությունը։

Բացի այդ, փոքր և միջին բիզնեսի համար պետք է մշակվի սուբսիդավորման ծրագիր՝ ավելի մատչելի վարկեր ստանալու համար, հակառակ պարագայում մեծ վնասներ է կրելու կամ պարզապես շուկայից դուրս է մնալու։ Հարկերի մասով ևս պետք է լինեն որոշակի ծրագրեր, մշակել և ընդունել օրենքի նախագիծ՝ շահութահարկի կանխավճարի և այլնի մասով՝ իրավիճակը հաղթահարելու համար։

«Քայլերը իսկապես շատ կարող են լինել, պարզապես պետք է գույքագրել բոլոր խնդիրները և դրանց համապատասխան լուծումներ տալ։ Այս իրավիճակում պետությունը տնտեսական իրավիճակը թողել է շուկայի հույսին, այսինքն՝ շուկան է որոշում գինը, պաշարները, դրանց տեղաբաշխվածությունը, այս պահին շուկայում պետական միջամտություն չկա, սա գալիս է այն հանգամանքից, որ այս իշխանություններն իրենց հռչակել են նեոլիբերալներ, կամ, եթե չեն հռչակել, ապա ստանձնել են նեոլիբերալ տնտեսական քաղաքական կուրս՝ հնարավորինս հեռու մնալով շուկայից, որ շուկան ամեն ինչ կկարգավորի։ Այսպես չի կարող լինել, հատկապես նման տնտեսական իրավիճակում, երբ հայտարարված է արտակարգ իրադրություն»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս