Բաժիններ՝

Արցախի ԱԳՆ-ն հորդորում է խուսափել օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելուց

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Արցախի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելուց։

«Արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ։

Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։

Ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հորդորում է արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ԱՀ քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս