Բաժիններ՝

«Պարենային ապրանքների մեծ ինֆլյացիա չպետք է ակնկալենք, բայց բժշկական նշանակության ապրանքները կարող են թանկանալ». Հրանտ Միքայելյան

«Հայաստանի տնտեսությունում այս պահին կան բազմաթիվ ռիսկեր: 2020 թվականի սկզբին ՀՀ տնտեսությունն ավելի պատրաստ է ճգնաժամերի, քան 2014-ին կամ 2008-ին: Սա պայմանավորված է մի քանի պատճառով. հիմնականում ավելի քիչ է կախվածությունը տրանսֆերտներից, և ավելի մեծ են Կենտրոնական բանկի պահուստները: Սա Հայաստանին թույլ է տալիս ավելի դիմադրող լինել ճգնաժամին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ շեշտելով, որ այս պահի դրությամբ ռիսկերն անորոշ են:

«Բացի նավթային գների տատանումներից, որոնք ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա, մենք ունենք արդեն կորոնավիրուսի  ազդեցությունը, որը ևս բացասական է ազդում տնտեսության վրա: Որպես փաստ՝ դեռևս խոսում ենք մարտ-ապրիլ տուրիստական սեզոնի մասին, երբ իրանցի զբոսաշրջիկները գալիս էին Հայաստան և դրանով բալանսավորում էին դրամի փոխարժեքը՝ սկսած 2011 թվականից, իսկ այս պահի դրությամբ մենք խնդիրներ ունենք: Բացի դրանից՝ կան ռիսկեր, որ ամբողջ տուրիստական սեզոնը կտապալվի, և դրա հավանականությունը ես համարում եմ շատ մեծ: Էլ չեմ ասում այն, որ, եթե վիրուսը սկսեց շատ արագ տարածվել, չի բացառվում, որ ուրիշ երկրները սկսեն Հայաստանի հետ սահմանը փակել կամ ինչ-որ նման սահմանափակումներ կիրառել»,- նշեց Հրանտ Միքայելյանը:

Նա նաև նկատեց, թե շատ կարևոր է, որ Կենտրոնական բանկը չդիմի դրամի փոխարժեքի պահպանման շատ կոպիտ միջոցների և չփորձի 2008թ. և 2014թ. նման՝ դրամի փոխարժեքը բարձր պահել:

«Հիմնականում պետք է մեղմացնի տատանումները, ոչ թե ծախսի Կենտրոնական բանկի պահուստները, որպեսզի դրամի փոխարժեքը բարձր մնա: Դրանով պահուստները դատարկվում են, նոր պարտքեր ենք ձեռք բերում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ արդեն այս պահից սկսած՝ որևէ բան հնարավոր չէ կանխատեսել, և ցանկացած կանխատեսում սպեկուլյացիա է:

«Համաշխարհային տնտեսության մեջ անկառավարելի իրավիճակ է, և մենք չենք կարող որևէ բան ասել, անգամ մեկ շաբաթ շուտ: Պարենային ճգնաժամ Հայաստանին չի սպառնում: Խանութներն ընդհանրապես ունենում են պաշարներ, և դրանց չափը մոտավորապես մեկ ամսվա համար բավական է, բացի դրանից՝ համաշխարհային առևտուրը կանգ չի առնում: Պարենային ապրանքների մեծ ինֆլյացիա չպետք է ակնկալենք, բայց բժշկական նշանակության ապրանքներ, այո՛, կարող են թանկանալ, բայց դա կախված է հետագա զարգացումներից»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս