«Զանգ եմ ստանում եղբորիցս, ասում է՝ «շուտ արի մեր բակ»». սպային ծեծելու գործով մեղադրյալներից մեկը  մանրամասներ է ներկայացնում 

2019-ի սեպտեմբերի 17-ին Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 2 մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը,  4 օր առաջ 1.5 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչը հարուցել էր դեպքի պատճառով 6 ամիս կոմայի մեջ գտնվող ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատների զայրույթը: Գործով մյուս մեղադրյալը՝ Զավեն Գրիգորյանի եղբայր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանն է: Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Զավեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց, որ այդ օրը գիշերն ինքը տանը քնած է եղել.

«Զանգ եմ ստանում եղբորիցս, ասում է՝ «շուտ արի մեր բակ»: Ես կարծում եմ, որ խոսքը մեր բակի մասին է, քանի որ մինչև իր ամուսնությունը մենք միասին էինք ապրում, իջնում եմ, տեսնում եմ, որ մարդ չկա: Զանգում եմ իրեն, հարցնում եմ՝ ո՞ւր ես, ասում է՝ «արի մեր բակ», պարզվում է, որ  իրենց տան բակը նկատի ունի, ես բարձրանում եմ տուն, վերցնում եմ մեքենայիս բանալիները, գնում եմ իրենց բակ: Այդպես ստացվեց, որ ես հայտնվեցի իրենց բակում»:

Գրիգորյանը պատմեց, որ Վայոց ձորի նախկին մարզպետի հետ հեռու բարեկամական կապեր ունեն, սակայն երբևէ շփում չեն ունեցել: Եղբայրների փաստաբան Լևոն Սահակյանի պնդմամբ՝ չկա հիմնավոր կասկած, որ  Զավեն Գրիգորյանը կատարել է այն հանցանքը, որը մեղսագրվում է  իրեն, դեռ ավելին՝ Զավենը վերջինն է եղել, ում զանգել է Հարություն Գրիգորյանը:

«Դեպքը տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա: Հարություն Գրիգորյանը, որն այժմ կալանքի տակ է, դեպքի օրը ժամը 12-ի սահմաններում մեքենայով գալիս է իրենց բակ, ուր բոլորովին վերջերս էին տեղափոխվել, ու վարձով են բնակվում կնոջ հետ: Բակում լինում են չորս սպաներ, որոնք երկու ռեստորաններում մասնակցել են խնջույքների և եղել են ծայրահեղ հարբած վիճակում: Կոնֆլիկտ է ծագում Հարություն Գրիգորյանի և սպաների միջև: Թե ինչի՞ց է կոնֆլիկտը ծագում, ո՞վ է նախահարձակ լինում, նախաքննության ավարտից հետո կտեղեկանաք բոլորդ, սակայն  սովորական տրամաբանող քաղաքացու մոտ արդեն կարող է լինել կանխավարկած, թե ինչպե՞ս  կարող է կոնֆլիկտ ծագել գիշերը հոգնած տուն վերադարձող անձի և 4 հարբած անձանց միջև»,- ասաց փաստաբանը:

Լևոն Սահակյանի խոսքով՝ կոնֆլիկտի ժամանակ Հարություն Գրիգորյանը փախչում է իրենց շքամուտք, բարձրանում է  իրենց հարկ, սպաները հետապնդում են նրան, ապա սկսվում է քաշքշուկ, ինչից հետո Հարությունը զանգում է ընկերներին, նաև եղբորը.

«Սա հաստատված է գործով, վկաները չեն հերքել»:

Ինտերնետում է հայտնվել մի հեռախոսազանգի ձայնագրություն, որտեղ սպաներից մեկը, հայտնի չէ, թե ում հետ զրույցում ասում է, որ հավաքված խմբից ոչ ոք Մխիթարյանին չի հարվածել: Փաստաբանն այս տեսանյութը ներկայացրել է քննչական մարմնին.

Զավեն Գրիգորյանը պատմում է, որ, երբ ինքը եղբոր տան բակ է հասել, դեպքն արդեն տեղի ունեցած է եղել:  Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են հենց իր դեմ ցուցմունք տվել, ինչո՞ւ է ինքը հայտնվել թիրախում, այլ ոչ մնացածը, պատասխանեց.

«Շատ բան եմ ուզում պատմել, բայց իրավունք չունեմ: Սուտ լուրեր են տարածվում, դրանք ոչ ոք չի հերքում, մեզ էլ թույլ չեն տալիս, քանի որ նախաքննական գաղտնիք է: Երբ Հարութի դեմ ցուցմունք են տվել, իմ անունը չի եղել, 15 օր ես ազատ դրսում եմ եղել, ոչ մեկի մտքով չի անցել, որ իմ դեմ կարող են ցուցմունք տալ, քանի որ ես առհասարակ դեպքի հետ կապ չունեմ: Իմ կարծիքով՝ իրենք իրար մեջ գցել-բռնել են, որ ավելի հարմար թեկնածու, քան հարազատ եղբայրն է, չի կարող լինել, իմ անունն են տվել, ուրիշ մարդու անուն էլ են տվել, բայց ապացուցվել է, որ նա դեպքի վայրում չի եղել»:

Փաստաբանը պնդում է, որ դեպքի վայրում եղած չլինելու «երկաթե» ալիբի ունի նաև Զավեն Գրիգորյանը՝ հեռախոսազանգերը, այն ճանապարհների տեսախցիկների ձայնագրությունները, որոնցով Զավեն Գրիգորյանը հասել է դեպքի վայր, իսկ նրա դեմ  ցուցմունքները սուտ են և հաճախ իրարամերժ: Եվս մեկ հոգու վերաբերյալ դեպքին մասնակից լինելու մասին ցուցմունքը, փաստաբանի պնդմամբ, տրվել է, որպեսզի հանցանքն ավելի ծանր լինի,  պատիժն էլ՝ ավելի երկարաժամկետ: Հարցին, թե քանի՞ մարդ է եղել դեպքի վայրում, փաստաբանը պատասխանեց.

«Այն պնդումները, որ դեպքի վայրում 7-8 մարդ է եղել, ես չեմ ժխտում, հնարավոր է, որ ավելին եղած լինեն, հարևանության տղամարդկանց մեծ մասը պետք է որ իջած լինի: Շտապ օգնություն էլ Հարություն Գրիգորյանն է կանչել, ոչ թե սպայի ընկերները  կամ հարևանները»:

Զավեն Գրիգորյանը, իր ընտանիքի անդամներն ու հարազատներն Արա Մխիթարյանի ընտանիքի անդամների հետ հանդիպելու ու խոսելու փորձ չեն արել, քանի որ, ինչպես Զավենն է պնդում, նրանց խաբում են, ինչի պատճառով էլ նրանք ագրեսիվ են տրամադրված, ու հայտնի չէ, թե ինչպե՞ս կավարտվի այդ հանդիպումը:

«Ճիշտ կլինի, որ մենք հանդիպենք նրանց հետ այն ժամանակ, երբ քննչական մարմիններն արդեն ամեն ինչ պարզած լինեն, և նրանք կիմանան ճշմարտությունը»,- ասաց Զավեն Գրիգորյանը:

Մեր հաջորդ հարցին, թե ինչպես է հաղթանդամ զինվորականը, որը, ինչպես ենթադրվում է, պետք է ունենար մարտական պատրաստվածություն, հայտնվել կոմայի մեջ միայն մեկ հոգու հետ ունեցած վեճի արդյունքում, փաստաբանը պատասխանեց՝ մատնանշելով սպայի խմած լինելու հանգամանքը.

«Գիտե՞ք՝ ինչու էին Արա Մխիթարյանին ուղեկցել իր ընկերները, որովհետև նա խմած էր, իսկ ինչո՞ւ էին կանգնած բակում, որովհետև պետք է տուն հասցնեին: Այդ աստիճանի հարբածության անձի հետ վիճաբանության ժամանակ, չեմ կարծում, թե որևէ խնդիր կարող էր լինել: Բայց թե վիճաբանությունը ո՞նց է ծագել, ո՞ւմ հարվածից է նրան վնասը պատճառվել, դեռ նախաքննությունը կպարզի»:

Լևոն Սահակյանը նաև նշեց, որ սպաների դեմ, որոնք, փաստաբանի խոսքով՝ սուտ ցուցմունքներ են տվել, գործեր կհարուցվեն.

«Մենք ոչ թե ուզում ենք վրեժ լուծել, այլ ուզում ենք, որ ՀՀ-ում սուտ մատնությունը հեշտ մարսվող երևույթ չլինի»:

Փաստաբանի պնդմամբ՝ գործի քննությունը չի կարող համարվել օբյեկտիվ, քանի դեռ Զավեն Գրիգորյանի դեմ քրեական հետապնդումը չի դադարեցվել:

Հիշեցնենք, որ 2 օր շարունակ Արա Մխիթարյանի հարազատներն ու ընկերները ցույց էին անում Մուրացանի հոսպիտալի դիմաց, որտեղ կոմայի մեջ պառկած է սպան, նրանք պնդում են, որ Զավեն Գրիգորյանն էլ մասնակից է եղել դեպքին: Գործի արդար քննության պահանջով պատրաստվում են  հինգշաբթի օրը հավաքվել Կառավարության առջև:

Տեսանյութեր

Լրահոս