«Շատ խիստ մտահոգիչ է այն, թե ինչո՞ւ երեխաները, դասի փոխարեն՝ գտնվում են իշխանական քարոզչական միջոցառմանը». Դանիել Իոաննիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հանրությանը տեղեկացրել էր, որ արձակուրդ է վերցնում և ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»-ի քարոզարշավին:

«Այսօր՝ մարտի 10-ին, առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11:40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։ Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13:20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16:00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում։ Մարտի 10-ի վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18:00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Բոլոր տեղացիներին հրավիրում եմ՝ սիրով»,- իր այցերի գրաֆիկին էր ծանոթացրել Նիկոլ Փաշինյանը:

Մեղրի ՀՀ վարչապետը մեկնել էր ուղղաթիռով:

168.am-ն այս փաստի ու քարոզարշավի ընթացքում տեղ գտած խախտումների մասին զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ:

– Վարչապետն այսօրվանից գտնվում է արձակուրդում ու վարում է «Այո»-ի քարոզարշավը, բայց Սյունիքի մարզ մեկնում է ուղղաթիռով: Սա խախտո՞ւմ է, թե՞ խախտում չէ:

– Ինչի՞ խախտում է:

– Ուղղաթիռը պետական կարիքների համար է նախատեսված: Եթե վարչապետը մեկնում է քարոզարշավային նկատառումներով, ուղղաթիռ օգտագործելը որքանո՞վ է նպատակահարմար:

– Նպատակահարմա՞ր, թե՞ խախտում:

– Խախտում:

– Ընտրական օրենսգրքի՞ խախտում:

– Թերևս:

– Չէ, Ընտրական օրենսգրքի խախտում չէ, որովհետև Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ պետական պահպանությունից օգտվող անձինք կարող են քարոզչության մեկնել իրենց ծառայողական տրանսպորտային միջոցներով, իսկ ուղղաթիռը վարչապետի ծառայողական տրանսպորտային միջոցն է, և այս առումով Ընտրական օրենսգրքի խախտում չկա:

– Այսինքն՝ պետական ռեսուրսները հանրաքվեի քարոզչությանը ծառայեցնելը Ընտրական օրենսգրքի խախտում չէ՞:

– Մեկ վայրկյան: Եկեք տարբերակենք: Դա պետական ռեսուրսի՝ հանրաքվեի քարոզչությանը ծառայեցնել չի, որովհետև այն փաստը, որ վարչապետը քարոզչության եկավ ուղղաթիռով, դրա լույսի ներքո դժվար թե ինչ-որ մեկը քվեարկի «Այո»-ի կամ «Ոչ»-ի օգտին: Եկեք հստակեցնենք: Եթե վարչապետը ուղղաթիռի վրա «Այո»-ի լոզունգ կպցներ և այդպես պտտվեր Հայաստանի վրայով, և մարդիկ էլ տեսնեին ուղղաթիռի վրայի «Այո»-ի լոզունգը, ու այդպես քարոզչություն կատարվեր, դա, իհարկե, խախտում կլիներ: Բայց եթե ուղղաթիռն օգտագործվում է զուտ վարչապետի տեղափոխման համար, ապա ՀՀ Ընտրական օրենսգիրքն ասում է, որ, այո, պետական հատուկ պահպանությունից օգտվող անձինք կարող են քարոզչության մեկնելիս օգտվել իրենց ծառայողական տրանսպորտային միջոցներից:

– Դուք ասում եք, որ խախտում կլիներ, եթե «Այո»-ի լոզունգ կպցներ ուղղաթիռին, բայց չէ՞ որ վարչապետն աշխատանքային այցով չի գնացել Սյունիքի մարզ, և այցի միակ նպատակը քարոզարշավն է:

– Այո, այո, և Ընտրական օրենսգիրքն ասում է՝ պետական հատուկ պահպանությունից օգտվող անձինք, այդ թվում՝ վարչապետը, կարող են քարոզարշավի սահմաններում օգտվել իրենց ծառայողական տրանսպորտային միջոցներից:

– Իսկ առհասարակ հետևո՞ւմ եք քարոզարշավին, խախտումներ արձանագրե՞լ եք: Օրինակ, այսօր մենք տեսանք, որ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանն էլ է մասնակցում քարոզարշավին (ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ նախարարը գտնվում է երկօրյա արձակուրդում.- Գ.Ս.), և կադրերում երեխաներ էլ են երևում: Դասերի ժամին երեխաների մասնակցությունը քարոզարշավին նորմա՞լ է:

– Ճիշտն ասած, չեմ ֆիքսել, թե ԿԳՄՍ նախարարն ինչ է անում, բայց դասերի ժամին երեխաները պետք է լինեն դասի: Շատ խիստ մտահոգիչ է այն, թե ինչո՞ւ երեխաները, դասի փոխարեն՝ գտնվում են իշխանական քարոզչական միջոցառմանը: Շատ խիստ մտահոգիչ է, և սա պետք է լուրջ քննության առարկա դառնա:

– Իսկ այլ խախտումներ տեսե՞լ եք, օրինակ, աշխատանքային ժամերին քարոզչության դեպքեր, արձանագրե՞լ եք դրանք: Ազգային ժողովում անգամ խոսվեց այդ մասին:

– Այո, տեսել ենք, բարձրաձայնել ենք: Այս առումով ես պետք է ասեմ, որ երկարաժամկետ դիտորդություն իրականացնում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և «Անկախ դիտորդն» այդ ամենը ֆիքսում է:

Հ.Գ. Ի դեպ, այսօր «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով վարչապետի՝ ուղղաթիռով Սյունիք մեկնելու հարցին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ՕԴՈՒՄ, ՋՐՈՒՄ, ԹԵ ՑԱՄԱՔՈՒՄ

Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։

Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։

Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։

Հ.Գ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։

Հ.Հ.Գ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»:

Տեսանյութեր

Լրահոս