Նույնիսկ Այաթոլլա Ալի Հոմեյնին կորոնավիրուսի պատճառով չեղարկել է ամանորյա իր ուղերձը, իսկ Հայաստանում «գրկախառնումներով» քարոզարշավ է արվում
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Հոմեյնին չեղարկել է մարտի 20-ի՝ իրանական Մաշադ քաղաքում իր ամանորյա ուղերձը երկրում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով: Այս մասին տեղեկացնում է reuters.com-ը:
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթի արարողությունը, որը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի Ամանորի առաջին օրը, այս տարի տեղի չի ունենա, և հոգևոր առաջնորդը չի մեկնի սուրբ Մաշադ: Ելնելով առողջապահական նկատառումներից՝ Իրանի հոգևոր առաջնորդն առհասարակ նվազագույնի է հասցրել իր ուղևորություններն ու այցերը:
Հիշեցնենք, որ Իրանի առողջապահության նախարարը երկուշաբթի օրը հայտնել է 7161 վարակակրի ու կորոնավիրուսից 237 մահվան դեպքերի մասին, որն ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանից հետո:
Ընդ որում, Իրանի հոգևոր առաջնորդի ելույթն իր հավատավոր ժողովրդի համար նույն կարևորագույն նշանակությունն ունի, ինչ քրիստոնյա կաթոլիկների համար Հռոմի պապի ելույթը:
Ի դեպ, մարտի 8-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի պատճառով Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում առաջին անգամ կիրակնօրյա քարոզը տեսակապով է ընթերցել:
Կաթոլիկ եկեղեցու հովվապետը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար փոխել է քարոզով հավատացյալներին դիմելու ձևաչափը:
Սովորաբար Վատիկանում` Սուրբ Պետրոսի հրապարակում, Պապի քարոզը լսելու համար հավաքվում են տասնյակ, երբեմն՝ հարյուր-հազարավոր մարդիկ աշխարհի ամենատարբեր երկրներից:
Սակայն մարտի 8-ին Ֆրանցիսկոս պապն «Աստծո հրեշտակ» (Angelus) աղոթքը կարդացել է ոչ թե Վատիկանի Առաքյալական պատուհանից, այլ գրադարանից:
Աղոթքը հեռարձակվել է տեսակապով և ցուցադրվել է Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա, սակայն հրապարակում հավաքված մարդկանց թիվն իշխանությունը սահմանափակել է:
Մինչ ամբողջ աշխարհում զանգվածային միջոցառումները, նույնիսկ՝ ամենակարևորները, չեղարկվում են կորոնավիրուսի պատճառով, Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում, ընդ որում, ինչպես արդեն հայտարարել է, նաև հանրահավաքային ձևաչափով:
Դժվար է չանհանգստանալ, երբ քո անմիջական հարևան երկրում անվտանգության այդպիսի միջոցառումներ են իրականացվում, իսկ վարչապետդ քարոզարշավ է անում, մետրոյում հպարտ քաղաքացու անձնագրեր է բաժանում, ընդ որում, աշխատանքից հետո պիկ ժամի, մարդկանց հետ գրկախառնվում, այդ թվում՝ երեխաների, համբուրում նրանց:
Ի դեպ, երեխաների մասին: Այսօրվա քարոզարշավի ընթացքում, որին մասնակցում է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ երեխաներ էին ներկա: Հետաքրքիր է, իսկ Արայիկ Հարությունյանին հետաքրքրե՞լ է, թե ինչո՞ւ նրանք այդ ժամին դպրոցում չեն: