Բաժիններ՝

«Ես ուզում եմ հոդվածի փոփոխությունը, ինչը ձեռնտու չէ իշխանությանը». Մարգարիտա Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանից հանդիպման հրավեր չստանալու մասին

Մարտի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքների հետ։ Վարչապետը նախ շնորհավորել է նրանց՝ կանանց մեկամսյակի առթիվ, ապա ընդգծել. «Այսօրվա խորհուրդը նաև փորձել ենք օգտագործել մեր խոսակցության համար: Ուզում եմ ասել, որ այսօրվա մեր քննարկման թեման չի լինելու նաև քրեական գործերի ընթացքը, հանգամանքները և մանրամասների քննությունը, այլ մեր քննարկումը լինելու է շատ ավելի լայն: Նախ ուզում եմ ասել, թե ինչպես եմ վերաբերվում այն փաստին, որ շատ հաճախ, որոշակի պարբերականությամբ դուք ստիպված եք լինում կառավարության կամ տարբեր պետական գերատեսչությունների առաջ ակցիաներ կազմակերպել: Ես չգիտեմ՝ դա դրսից ինչպես է երևում, բայց դա ինձ համար ամեն անգամ շատ մեծ ցավ է, և կարծում եմ` մեծ ցավ է նաև Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար:

Բայց այստեղ կա մի գլոբալ հարց, իսկ ինչո՞վ է ավարտվելու այս ամեն ինչը, որովհետև այստեղ շատ պարզ խնդիր կա դրված, մենք պետք է ունենանք հանգուցալուծում, որովհետև դա, ինչպես առաջին հերթին՝ ձեզ համար է ցավ, ցավ է նաև մեր ժողովրդի համար: Մենք պետք է հասկանանք, որ պետք է գտնել լուծում, սա համարում եմ մեր ընդհանուր խնդիրը: Ընդհանուր ասելով՝ նկատի ունեմ մեր ժողովրդի խնդիրը, որովհետև մարդկանց մոտ էլ բնական հարց է առաջանում, թե սա ի՞նչ պատմություն է, և այս պատմությունը ե՞րբ է ավարտ ունենալու»։

168.am-ը «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե վարչապետի կողմից հանդիպման հրավեր ստացե՞լ են։

«Մեզ հրավեր չի եղել, և հրավեր չլինելու պատճառի մասին բոլորն էլ շատ լավ գիտեն, ես ուզում եմ հոդվածի փոփոխությունը, ինչը ձեռնտու չէ իշխանությանը, այդ պատճառով էլ ինձ չէին հրավիրել։ Խոսքը 1.668 հրամանի մասին է՝ պարգևավճարներ զոհվածների ընտանիքներին, որպեսզի մեզ չմեղադրեին, թե գումար ենք պահանջում, համակարգող խորհրդի բլանկով  առաջարկեցի վարչապետին, որ զոհվածների ընտանիքներին տրվող պարգևավճարները բարձրացնեին, որպեսզի մարդավայել ապրեին։ Սակայն անցել է մեկ ամիս, և մեր այս առաջարկը մնացել է առանց արձագանքի»,- նշեց Մարգարիտա Խաչատրյանը։

Ըստ նրա՝ խնդրի հետ կապված իրենց պայքարը չեն դադարեցնելու, և եթե 15 օրվա ընթացքում գրության պատասխան չստացան, այն նորից կթարմացնեն և կորոշեն իրենց հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ շուրջ կես տարի է՝ Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պահանջում են պատշաճ ուշադրություն ցուցաբերել նաև այն զինվորների ընտանիքներին, որոնք մահացել են ծառայողական պարտականությունները կատարելիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս