«Առանձին դեպքերում ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում». Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին, քանի որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկներ են ներկայացնելու:

Ըստ նրա՝ նախագծում կան կետեր, որոնք վերաբերում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

«Օրենքը, որն առաջին ընթերցմամբ անցավ՝ պետք է ծառայի իր նպատակին և հանկարծ հետագայում չդառնա խնդրահարույց ՀՀ քաղաքացիների համար: Այդ նույն օրենքի մեջ չկար դրույթ, որը կվերաբերեր նախկինում աշխատած պետական ծառայողներին, այդ պարագայում բազմաթիվ առաջարկներ ու հարցեր ենք ստացել քաղաքացիների կողմից, այս օրենքն ունի հստակության խնդիր, պետք է ավելի պարզ ու մատչելի լիներ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց Արման Աբովյանը:

Անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ սահմանված կարգով քարոզարշավն ընթանում է, չնայած առանձին դեպքերում ականատես են լինում էքսցենտրիկ իրավիճակների:

«Կարծում եմ՝ մինչև հանրաքվեի օրն իշխանության ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայացնելու բուն հանրաքվեի նպատակը, քանի որ բոլորս էլ տեսնում ենք, որ առանձին դեպքերում այստեղ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում, և բովանդակային առումով այդքան էլ լուրջ շեշտադրումներ արված չեն»,- շեշտեց Իվետա Տոնոյանը:

Խմբակցության պատգամավորներն անդրադարձան նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքին:

Ըստ Իվետա Տոնոյանի՝ ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում պաշտոնապես  Աբովյանի քաղաքապետին չի սատարել, կուսակցությունից շատերը քաղաքապետի հետ ունեն ընկերական կապեր, այդ պատճառով էլ եղել է որոշակի աջակցություն:

«Անկախ անձնական հարաբերություններից, բոլոր հարցերը պետք է դիտարկվեն իրավական տեսանկյունից: Եթե փոքր-ինչ կտրվենք իրավական գնահատականներից և խոսենք բովանդակությունից, ապա շենքերի կառուցման ծրագիրն աննախադեպ է և հազարավոր ընտանիքների ապահովելու է բնակարանով: Այս առումով, կարծում եմ՝ մտորելու տեղիք են տալիս այս գործողությունները: Մամուլից տեղեկացա, որ պարոն Գևորգյանն այս առումով ներկայացրել է բավականաչափ փաստեր»,- ընդգծեց նա:

Արման Աբովյանն էլ կոչ արեց սպասել, քանի որ այս հարցն իրավական տիրույթում է:

Տեսանյութեր

Լրահոս