Մարսում կյանքի նոր նշաններ են հայտնաբերել
ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի աստղաբիոլոգները Մարսի վրա հայտնաբերել են կյանքի գոյության նոր ապացույցներ: Այդ մասին հայտնում է Phys.org կայքը:
Ավելի վաղ մոլորակի վրա հայտնաբերվել էին օրգանական միացություններ՝ տիոֆեններ: Գիտնականներն առաջ են քաշել մոլորակի մակերևույթի վրա այդ միացությունների հավանական առաջացման տեսությունները:
Հնարավոր են նաև տիոֆենների ձևավորման մի քանի կենսաբանական ուղիներ: Միացությունները, հավանաբար, կարող էին ձևավորված լինել միկրոօրգանիզմների գործունեության արդյունքում, որոնք ապրել են երեք միլիարդ տարի առաջ:
Մասնագետները ծրագրում են վերլուծել Մարսից ստացվող ծծմբի և ածխածնի իզոտոպները: Եթե գիտնականները միացությունների մեջ գտնեն իզոտոպների անհրաժեշտ հարաբերակցությունը, ապա դա կարող է ծառայել՝ որպես անցյալում կենսաբանական գործունեության ցուցիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը