Իր վարքագծով Պապոյանն ուրացել է և՛ իր անդամակցած ուժին, և՛ իր անցած ճանապարհը. Դավիթ Խաժակյան
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային Ժողովում բակի զրուցարանի («բիսեդկայի») ոճի ելույթից հետո Գևորգ Պապոյանը լրատվամիջոցից լրատվամիջոց հարցազրույց էր տալիս՝ փորձելով սրբագրել իր անցած ճանապարհը ու թեև ընդունում էր, որ Հանրապետական է եղել, այդուհանդերձ փորձում էր բերել տարբեր արդարացումներ։ Պապոյանը նաև ընդունում էր, որ իր անդամությունը դադարեցվել է միայն 2018 թվականին։ Ասում էր, որ նա որևէ բան չի թաքցրել։ Ակնհայտ է, որ իր վարքագծով Պապոյանը ուրացել է և իր անդամակցած ուժին և իր անցած ճանապարհը։ Պապոյանը կարծել է, որ իր կյանքի այդ դրվագը հնարավոր է կոծկել Վիքիպեդիայում իր մասին պատմող էջը խմբագրելով։
Նկարում կարող եք տեսնել, որ երեկ առավոտից սկսած մինչև երեկո Պապոյանը համառորեն փորձել է հեռացնել այն տեղեկությունը, որը վերաբերում է իր քաղաքական կյանքի երկար ժամանակահատվածին։ Խմբագրման իր յուրաքանչյուր փորձից հետո հանրագիտարանի ադմինիստրատորները «Վանդալիզմ» են բնորոշել այդ գործողությունները և անընդհատ վերականգնել են Պապոյանի կողմից հեռացվող տեղեկությունը։ Կարծում եմ չեն թույլ տվել դա անել այն պարզ պատճառով, որ այդ տեղեկությունը իրական է և չի կարող քմահաճորեն հեռացվել։
Այս պատմությունը լավագույնս բնորոշում է Պապոյանի պահվածքը այս օրերի ընթացքում։ Դա վանդալիզմ է իր կենսագրության նկատմամբ, դա վանդալիզմ է ՀՀ ԱԺ բարձր ամբիոնի նկատմամբ, դա վանդալիզմ է քաղաքացու նկատմամբ։ Գուցե գա այն օրը, երբ Վիքիպեդիայի ադմինիստրատորները թույլատրեն իր ուզածի պես խմբագրել այդ էջը, բայց պետք է հասկանալ, որ անցած ճանապարհը խմբագրման ենթակա չէ։ Կարող ես վերարժևորել այն, խմբագրել՝ չես կարող։
Այս պատմության խնդիրը Հանրապետականին մինչև հեղափոխությունը անդամակցելը չէ, այս պատմության խնդիրը պատեհապաշտությունն է, փարիսեցիությունը և սեփական անցյալի ուրացումը»։
Ազգային Ժողովում բակի զրուցարանի («բիսեդկայի») ոճի ելույթից հետո Գևորգ Պապոյանը լրատվամիջոցից լրատվամիջոց հարցազրույց էր…
Gepostet von Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան am Freitag, 6. März 2020