«Տղերք, մի հատ որոշեք՝ դուք նեկրոֆի՞լ եք, թե՞ մարադյոր եք, ի՞նչ եք, ի՞նչ եք ուզում». Կարեն Քոչարյանը՝ իշխանություններին
««Ոչ»-ի հարթակի կողմից գումար բաժանելու վերաբերյալ մի հոգի է գրել, և, ինչպես միշտ, ես նրա ասածներին լուրջ չեմ վերաբերվում: Այդ մի հոգին, որն այսօրվա իշխանության կարկառուն պաշտպաններից է, 2018թ. մարտ ամսին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսել էր քայլել, ծիծաղում էր Նիկոլ Փաշինյանի վրա, այնպես որ, ես այդ մարդուն լուրջ չեմ վերաբերվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Դիտարկմանը, թե մի քանի հոգի են նման հայտարարություն արել, նա այսպես արձագանքեց. «Միայն այդ մի հոգին՝ Հանրային խորհրդի նախագահն է ասել, որ փող են բաժանում Նոյեմբերյանում: Ուրիշ ոչ մեկից չեմ լսել նման հայտարարություն: Իսկ եթե ասել են, ապա դա պետք է իրավական հետևանք ունենա»:
Ինչ վերաբերում է «Այո»-ի քարոզարշավին, նա նշեց, որ պետք է լինի կոնկրետ գործի բաժանում. «Վարչապետն ու Սուրեն Պապիկյանն են բուկլետներ բաժանում, իսկ ի՞նչ են անում մյուսները: Հենց այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը ինչ ասաց, ճիշտ էր ասում, բայց չէ՞ որ կառավարությունը, գրեթե երկու տարի է՝ ձևավորվել է, և այդ խնդիրները կան, ինչո՞ւ է վարչապետը դրանք նոր նկատում»:
«Այո»-ի շտաբի կարգախոսը՝ «Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք՝ «այո», ըստ նրա՝ քաղաքական տեխնոլոգիա է. «Հասկանում են, որ չեն կարող ասել՝ եկեք՝ այս 7 հոգուն հեռացնենք, նոր 7 հոգու բերենք: Եթե աշխատի, հենց այս տեխնոլոգիան կաշխատի: Ազնիվ է, որ սա հեղափոխություն է, բայց անազնիվ է, որ հեղափոխությանը ժողովուրդը վաղուց է «այո» ասել»: Նաև ազնիվ չէ, որ, եթե դու անելու ես սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ մի քանի ասպեկտով, որը գրել է այդ նույն Հրայր Թովմասյանը, որին մերժում են, որը վատն է, ինչո՞ւ ենք ընդամենը մի քանի ամիս կամ թեկուզ մի տարի առաջ ծախս անում, համապետական էլեկտորալ պրոցես սկսում, եթե նույն էլեկտորալ պրոցեսն անելու ենք: Այդ ի՞նչն է այդպես վառվում, որ մենք ընկել ենք այդ 7 հոգու հետևից ու չենք սպասում, որ ամբողջ Սահմանադրությունը փոխենք, այդ թվում նաև՝ այդ 7 հոգուն հեռացնենք»:
Քաղտեխնոլոգը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը 2018թ. երբ սկսում էր իր քայլերթը, ասաց, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունը թույլ է տվել, որ մեկ շաբաթ իշխանությունը լինի գետնին ընկած, մնում է գնալ և վերցնել այդ իշխանությունը. «Ինչը և ինքն արեց: Հիմա այդ ո՞նց եղավ, որ այդ Սահմանադրություն գրողը, որին հիմա մերժում են, անում են մի ամբողջ հանրաքվե, որ Հրայր Թովմասյանին անեն, գրել է այնպիսի բան, որի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը կարողացավ գալ իշխանության»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդիպման ժամանակ ասել էր, որ նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի կարծելը, որ որևէ վարչապետ դա կարող է անել: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ սա ի՞նչ տեխնոլոգիա է, ինչո՞ւ է վարչապետն իրեն հաճախ համեմատում Հիսուս Քրիստոսի հետ, դա հասարակության որոշակի հատվածի վրա ազդեցություն թողնելո՞ւ, խոսքն ավելի պատկերավոր դարձնելո՞ւ համար է, թե՞ նա իսկապես իրեն համարում է փրկիչ և Հիսուսի գործի շարունակող:
«Եթե Աստվածաշնչի թեմաներին ենք գնում, այդ դեպքում ես էլ մի ուրիշ բան կասեմ, որ երբ իշխանությունն անընդհատ ասում է, որ ժողովուրդն է որոշում, ժողովուրդը կյանք շնորհեց Բարաբային, ոչ թե Հիսուսին»,- ի պատասխան՝ ասաց նա:
Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, Կ. Քոչարյանն ասաց, որ կադրերն ունենում են փորձի խնդիր այն ժամանակ, երբ ուզում են սովորել. «Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումների մեծ մասը երկու տարվա ընթացքում ցույց է տվել, որ այդ մարդիկ չեն ուզում սովորել: Այն մարդը, ով ուզում է սովորել, իրեն խորհրդական է բերում փորձառու, դպրոց անցած մարդու, ոչ թե՝ 23 կամ 18 տարեկան երեխաների: Ի՞նչ խորհուրդ պետք է տա 32 տարեկանին 23 տարեկանը: Այստեղ է ամբողջ խնդիրը: Ես կարող եմ անուններ տալ, ովքեր ուզում են սովորել՝ Սուրեն Պապիկյանն ուզում է սովորել, աշխատում է իր վրա, Մխիթար Հայրապետյանն ուզում է սովորել, Արարատ Միրզոյանն ուզում է սովորել, բայց Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը չեն ուզում սովորել՝ իրենք գիտեն՝ իրենք ամեն ինչ գիտեն: Այն, որ վարչապետն ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ, այդ «ես ամեն ինչ գիտեմ»-ների մեծ մասն իր թիմում են: Վարչապետը պետք է փոխի իր կադրերին, դա պառլամենտական երկրում նորմալ պրակտիկա է»:
Քաղտեխնոլոգը խոսեց նաև ՀՀԿ-ի կողմից առաջ քաշվող՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարի մասին, և նշեց, որ նման պահանջ առայժմ հասարակությունը չունի.
«Այլ խնդիր է, որ այս ԱԺ-ում կան շատ պատգամավորներ, որոնք քաղաքական գործունեության հետ որևէ աղերս չունեն ու չեն էլ ուզում ունենալ։ Իսկ ՀՀԿ-ի հայտարարությունները քաղաքական են, իրենք շատ լավ գիտեն, որ դեռ երկար տարիներ իշխանության գալու շանս չունեն, սակայն խորհրդարանում հայտնվելու շանս ունեն։ Բայց չեմ կարծում, թե խորհրդարանում հայտնվելը ՀՀԿ-ի ամենամեծ ձգտումն է։ Ես կարծում եմ՝ նրանք ուրիշ խնդիրներ ունեն՝ հասկանալով, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտը չի ձևավորվել, փորձում են դառնալ դրա բաղկացուցիչ մասերից մեկը։ Իրենք հասկանում են, որ այն պահից սկսած, երբ հասարակությունն ունենա երրորդ ուժի պահանջ, այդ երրորդ ուժն իրենք չեն լինելու։ Ես զարմանում եմ այսօրվա իշխանության ներկայացուցիչների վրա, որոնք պարբերաբար ասում են, որ ՀՀԿ-ն քաղաքական դիակ է, և հետևից սկսում են պայքարել։ Տղերք, մի հատ որոշեք՝ դուք նեկրոֆի՞լ եք, թե՞ մարադյոր եք, ի՞նչ եք, ի՞նչ եք ուզում, որովհետև ես ասում եմ, որ նրանք շանս չունեն հետ գալու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում