Բաժիններ՝

Մխիթարյանը՝ «Անժիի» միլիոներից հրաժարվելու, Մոուրինիոյի հետ կոնֆլիկտի ու Ադրբեջանի սպառնալիքների մասին

«КраСава» հաղորդման շրջանակներում ռուս նախկին ֆուտբոլիստ և այժմ բլոգեր Եվգենի Սավինը մեկնել էր Հռոմ, հետո՝ Երևան և Շվեյցարիա՝ նկարահանելու հաղորդում, հեղինակի խոսքով՝ ամենալավ հայի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին։

Ֆուտբոլիստը խոսել է այն մասին, թե ինչպես է Կլոպը նրան համոզել տեղափոխվել  «Բորուսիա», ինչու է վիճել Մոուրինիոյի հետ և ինչպես է սկսել աշխատել ազդեցիկ գործակալ Մինո Ռայոլայի հետ։

Եվրոպայից առաջ Մխիթարյանը միշտ ապրում էր մարզաբազայում: Մոուրինիոն զայրանում էր, որ Հենրիխը գալիս էր մարզվելու իրենից առաջ։

Դոնեցկի «Շախտյորում» Միկիին անվանում էին «բազայի տեր», քանի որ ֆուտբոլիստն ապրում էր այնտեղ:

«Ես երազում էի խաղալ Եվրոպայում, լավագույն ակումբներում։

Միրչա Լուչեսկուն ինձ ասում էր, որ ես մեկ-մեկ պետք է դուրս գամ մարզաբազայից։ Ամբողջ ժամանակ ես կենտրոնանում էի միայն ֆուտբոլի վրա: «Մետալուրգում» ես նույնպես բնակվում էի բազայում, բայց «Բորուսիան» ասաց ինձ, որ բազայում սենյակներ չկան: Չնայած Եվրոպայում ես նույնիսկ չէի մտածում բազայում ապրելու մասին, այնտեղ միայն աշակերտներ են ապրում: Այնպես որ, ես բնակարան վարձեցի»,- պատմում է Մխիթարյանը։

Մխիթարյանը սովորություն ունի՝ մարզումից 2-3 ժամ առաջ բազա գալ: Սա շատ զայրացնում էր Մոուրինիոյին, որին լրագրողները քննադատում էին հենց այդ պատճառով:

Մոուրինիոն անգամ ասել է Մխիթարյանին, որ ֆուտբոլիստի պատճառով իրեն անընդհատ քննադատում են։

Մխիթարյանը կոնֆլիկտ ուներ Ժոզեի հետ, ուստի նա տեղափոխվեց «Արսենալ», որի կազմում մանկուց երազում էր խաղալ:

Ֆուտբոլիստը կարծում է, որ Մոուրինիոն ամենաբարդ մարզիչն է իր կարիերայում: «Նա բնությամբ հաղթող է,- ասում է Մխիթարյանը պորտուգալացու մասին,- Նրան չի հետաքրքրում, թե ինչպես կխաղաս` լա՞վ, թե՞ վատ: Նրան պետք է, որ դու հաղթես և կատարես այն, ինչ պահանջում է ձեզանից: Հետևաբար՝ դժվար է բոլորի համար: Բայց չնայած մեր բոլոր տարբերություններին, հատկապես վերջին շրջանում, դա չի ազդել մեր լավ աշխատանքի վրա: Միասին մենք նվաճեցինք 3 գավաթ»:

Այնուամենայնիվ, Մխիթարյանն ու Մոուրինիոն կոնֆլիկտ ունեցան: Դա Սավինի հետ զրույցում հաստատեց Հենրիխի քույրը, իսկ հետո հենց ինքը` ֆուտբոլիստը:

«Չգիտեմ՝ ինչ էր նրա գլխում։ Ես ամեն օր քրտնաջան աշխատում էի՝ հնարավորություն ստանալու համար»։

– Ճի՞շտ է, որ դու ու Մոուրինիոն կոնֆլիկտ ունեցաք, քանի որ նա քեզ էր մեղադրում տակտիկական սխալների և սխալ տեղում հայտնվելու համար։

– Այո, ճիշտ է: Ամեն ինչ սկսվեց դրանից, և ես որոշեցի, որ ես այլևս անելիք չունեմ Մանչեսթերում: Եթե ես աշխատում եմ, ճնշում եմ գործում, պաշտպանում եմ, օգնում եմ թիմին, գոլ խփում և տալիս փոխանցումներ, բայց ինչ-որ մեկը դժգոհ է, ուրեմն ես այստեղ անելիք չունեմ: Ես չէի ուզում ժամանակ կորցնել, ուզում էի ավելի հեռուն գնալ և ֆուտբոլ խաղալ:

– Այստեղ հայտնվեցին Վենգերը և «Արսենալը»:

– Ես գիտեի, որ նա  հետաքրքրվում է ինձնով, երբ ես բախում ունեի Մոուրինիոյի հետ: Նա ցանկանում էր ինձ տեսնել «Արսենալում»: Ես շատ ուրախ էի, քանի որ մանկության տարիներին երազում էի խաղալ «Արսենալի» կազմում: Այնտեղ, ի վերջո, այդ ժամանակ շատ ֆրանսիացիներ էին  խաղում՝ Անրի, Պիրես, Բերգամ, Պետիտ, Վիեյրա: Ես պարզապես խելագարվեցի: Հետո, երբ նրանք կառուցեցին «Էմիրեյթերը», փողի հետ կապված խնդիրներ ունեցան, նա սկսեց երիտասարդ խաղացողներ վերցնել: Ես մտածում էի՝ Աստված իմ,  Վենգերի օրոք  «Արսենալում» խաղալը պարզապես երազանք էր, հեքիաթ:

Հենրիխը գիտի 6 լեզու, բայց իր գործակալին գտել է ոչ թե ինքը, այլ իր քույրը, որը գուշակելով է գտել Մինո Ռայոլայի էլ.հասցեն

Մխիթարյանը հենց այնպես չի սիրում Ֆրանսիան: Երբ նա 8 ամսական էր, ընտանիքի հետ տեղափոխվեց այս երկիր: Նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը, հանդես է եկել տեղի ակումբներում: Մինչև յոթ տարեկան հասակը Հենրիխն ապրում էր Ֆրանսիայում, որտեղ սովորում էր ֆրանսերեն: Չնայած այն բանին, որ ֆուտբոլիստը Ժոզեի հետ ընդհանուր լեզու չէր գտնում, Հենրին խոսում է պորտուգալերեն, իսկ  ընդհանուր առմամբ խոսում է յոթ լեզուներով: Բացի ֆրանսերենից և պորտուգալերենից, նաև՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն և գերմաներեն:

Մխիթարյանի ընտանիքը վերադարձել է Երևան՝ հոր մոտ հայտնաբերված ուղեղի ուռուցքի պատճառով: 7 տարեկանում Հենրիխը մնաց առանց հայրիկի.

«Դա շատ դժվար էր, ես չէի հասկանում, թե հայրս որտեղ է: Ինչո՞ւ նա մեզ հետ չէ: Հետո որոշեցի ֆուտբոլի գնալ: Երբ փոքր ես, պարզապես մտածում ես, թե ինչպես վայելել  մարզումները: Միգուցե հորս կորուստն ազդեց ինձ վրա ավելի լուրջ ֆուտբոլ խաղալու համար»:

1997 թվականին Փյունիկի դպրոցը վերանվանվեց Համլետ Մխիթարյանի պատվին: Սա առաջին դպրոցն է, որտեղ Հենրիխը ֆուտբոլ էր խաղում: Սավինը գնաց  այնտեղ և նկատեց, որ գրեթե բոլոր տղաները մարզվում էին Մխիթարյան անունով շապիկներով:

Հենրիխը շատ ֆուտբոլային ընտանիք ունի: Մայրը 23 տարի աշխատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը՝ Մոնիկան, այժմ պատասխանատու է ՈւԵՖԱ-ում ռազմավարական հաղորդակցությունների համար:

Հենրիխի՝ լրատվամիջոցների գործունեության հետ կապված ամեն ինչի համար պատասխանատու է Մոնիկան: Հենց նա էր առաջինը գրել ազդեցիկ գործակալ Մինո Ռայոլային, ով այժմ աշխատում է Մխիթարյանի հետ:

Ավելին, նա նույնիսկ չգիտեր գործակալի փոստը և պատահական է մուտքագրել այն: «Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ եղբայրս դարձավ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն: Տարբեր մարդկանց միջամտություններ եղան: Առանց մեր գիտության՝ նրանք սկսեցին նրան առաջարկել տարբեր ակումբների: Ես եղբորս ասացի, որ մեզ անհրաժեշտ է գործակալ, հատկապես, եթե ցանկանում ես խաղալ Եվրոպայում: Ասացի, որ լսել եմ Մինո Ռայոլայի պես մի տղայի մասին: Նրա համար անհնարին փոխանցումներ գոյություն չունեն: Մենք չգիտեինք՝ ինչպես գտնել նրա փոստը։ Մենք փորձեցինք տարբեր տարբերակներ և պատահաբար գտանք այն»,- պատմել է Մոնիկա Մխիթարյանը։

Մինոն պատասխանել է Մոնիկային, ապա զանգել է և առաջարկել հանդիպել Միլանում: «Նա մեզ շատ լավ դիմավորեց: Նա ասաց, որ իմ եղբոր մասին ամեն ինչ գիտի. նա հարցրել է եվրոպական ակումբների ամենահզոր մարզական տնօրեններին և ասել է, որ ինքը շահագրգռված է աշխատել Հենրիխի հետ»:

Ինչպես է Կլոպը համոզել Մխիթարյանին ստորագրել պայմանագիր

Հենրիխը պատմել է, թե ինչպես է «Շախտյորից» տեղափոխվել «Բորուսիա», որն այն ժամանակ մարզում էր Կլոպը:

– Ես և Ռայոլան սկզբից գնացինք Լոնդոն, խոսեցինք «Տոտենհեմի» հետ: Նրանք սպասում էին «Լիվերպուլին», բայց այնքան էլ վստահ չէին: Զանգահարեցին Դորտմունդից, և անմիջապես մեկնեցինք այնտեղ: Նրանք վաճառել էին Գյոթսեին, և նրանց անհրաժեշտ էր տասը համար: «Տոտենհեմը» և «Լիվերպուլն» արդեն հստակ կազմ ունեին, ուստի «Բորուսիան» թվում էր լավագույն տարբերակը: Կլոպը անմիջապես ասաց ինձ, թե ինչ գաղափարներ ունի, որտեղ է տեսնում ինձ, ինչ է ուզում:

– Ճի՞շտ է, որ, երբ դուք հանդիպեցիք Կլոպին, զրույցից առաջ նա գրկեց ձեզ, բարձրացրեց ձեզ գետնից և ասաց, որ չի իջեցնի ձեզ, մինչև չստորագրեք պայմանագիրը։

– Այո, դա ճիշտ է։ Վերջում նա ասաց, որ ես պետք է խոստանամ, որ կվերադառնամ Դորտմունդ։ Ես տվեցի նրան ձեռքս և ասացի, որ խոստանում եմ։

Ինչո՞ւ չմեկնեց Բաքու և հրաժարվեց «Անժիի» միլիոններից

– Քեզ ցանկանում էր նաև «Անժին»:

– Այո, նրանք ինձ պայմանագիր էին առաջարկում։ Էտ՝օն ստանում էր 20 միլիոն եվրո։ Ինձ առաջարկում էին մի փոքր քիչ։

Մխիթարյանը խոսել է նաև այն մասին, թե ինչու Եվրոպա լիգայի եզրափակչին չմեկնեց  Բաքու։ Նա ասել է, որ իր կյանքին վտանգ էր սպառնում, և իրեն ոչ մեկ անգամ են սպառնացել Ադրբեջանից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս