Իշխանությունները դեռ չեն շտապում հետաձգել քարոզարշավը և հանրաքվեն 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝  կորոնավիրուսի պատճառով դեռ վաղ է հայտարարել հանրաքվեի հետաձգման մասին, քանի որ դեռ մեկ ամիս կա, և չգիտեն, թե ինչ ընթացք կստանա վիրուսի տարածումը կամ նահանջը:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե այս ամենն ինչ ընթացք կստանա: Բնականաբար, եթե վիրուսը նահանջի, և զգանք, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, ապա կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց եթե այդպես չլինի՝ կարելի է դիտարկել նաև հետաձգելու գործընթացը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե չե՞ն պատրաստվում հետաձգել Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը և հանրաքվեն՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ, որի պատճառով Իրանի հետ սահմանի փակումը երկարաձգվել է մինչև մարտի 24-ը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի քննադատությանը՝ իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերի վերաբերյալ, Հ. Հակոբյանը նշեց, որ Ծառուկյանի այդ քննադատությունը չի ընդունում, քանի որ իրենք բոլոր քայլերը ձեռնարկել են, բայց ի՞նչ կարող են անել, երբ այդ չարաբաստիկ վիրուսը թափանցում է ամեն տեղ, այդ թվում՝ Հայաստան, դրա հետևանքով նույնիսկ Իրանի հետ սահմանն են փակել:

«Իրավիճակը հսկելի է եղել, բայց  ամեն դեպքում վիրուսը կարողացել է ներթափանցել Հայաստան: Ինչ վերաբերում է դեղատներում դիմակներ չլինելուն կամ մնացած հարցերին, կարծում եմ՝ մի փոքր ուռճացված է: Ինքս որևէ դեղատուն չեմ մտել և չեմ փորձել դիմակ ձեռք բերել»,- շեշտեց Հրաչյա Հակոբյանը:

Հարցին՝ ինչո՞ւ դիմակ ձեռք չի բերել, թե՞ կարծում է, որ բարի է, և վիրուսն իրեն չի կպնի, ինչպես ասել էր Ծառուկյանը, Հ. Հակոբյանը պատասխանեց, որ այն երիտասարդը, որը վարակվել էր, և որն այս պահին գտնվում է առողջացման փուլում,  նույնպես բարի մարդ է:

Թե ինչո՞ւ հենց Ծաղկաձորն ընտրվեց կարանտինն անցկացնելու վայր՝ հարցին, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ Կառավարության բազայում «Գոլդեն Փելիսն» էր գտնվում, ուստի նպատակահարմար են գտել կարանտինը տանել այնտեղ:

«Ինչ վերաբերում է Ծաղկաձորի հյուրանոցների դատարկ լինելուն, երկու օր առաջ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները գնացել էին Ծաղկաձոր՝ բոլորովին այլ պատկեր է եղել»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս