«Ի՞նչն է ուռճացված. ձեզ մեքենա տամ, նստեք-գնացեք Ծաղկաձոր, այնտեղ լրիվ դատարկ է, գնացեք հետ եկեք, ու ասեք, որ սխալ եմ». Ծառուկյանը հակադարձում է Փաշինյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անկեղծացավ՝ ասելով, որ վատ է գնահատում Կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը:

«Արդեն մեկ ամիս է՝ կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհով և մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, սեփականատերերին, որ ապահովեն անհրաժեշտ պայմանները գրիպի վիրուսի դեմ, լուծել մասկաների հարցը: Հիմա վիրուսն եկել-չոքել է մեր դուռը, բայց նայում ես մասկաններ չկան, դեղորայք չկա, չհասկացա, դեղատան տերը պարտավոր էր մեկ ամիս առաջ հանձնարարություն տար պարտադիր, որ նա բերեր ու դեղերով ապահովեր»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ դեղատներից դիմակներ չի՞ կարողացել ձեռք բերել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը դրա կարիքը չունի. «Ես ասում եմ, բարի մարդկանց այդ հիվանդությունը չի կպնում: Եթե մարդիկ լսում են առաջարկները, ուրեմն բարի պետք է լինեն ու այդ ամենը կատարեն, այլ ոչ թե արդարանան, արդարանում են միայն թույլ մարդիկ: Բոլորս էլ գիտենք, որ Իրանից Հայաստան են եկել մեր հայրենակիցները, իհարկե, պետք է գան, սա նրանց հայրենիքն է, բայց այսօր դուք էլ գիտեք, որ կորոնավիրուսի կարանտինը երկու շաբաթ է, ուրեմն պարտադիր էր, որ այդ մարդկանց կարանտին տանեին, դիագնոզը վերցնեին, սա էլ հո տնտեսություն չի, որ չկարողանան հասկանալ, ձեր ցավը տանեմ, սա հասարակ բան է: Միայն թողնես՝ արդարանան, չի կարելի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է կարանտինը Ծաղկաձորում կազմակերպելու իշխանությունների որոշմանը, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դրան վատ է վերաբերում, քանի որ այսօր բոլոր հյուրանոցները դատարակ են և այն մարդիկ, որոնք տեղեր էին պատվիրել՝ հրաժարվել են:

Դիտարկմանը, որ վարչապետն արդեն հայտարարել է, որ այդ լուրերն ուռճացված են, Գ. Ծառուկյանը նախ հարցրեց՝ ի՞նչն է ուռճացված. «Հիմա եթե պետք է, ձեզ մեքենա տամ, նստեք-գնացեք Ծաղկաձոր, այնտեղ լրիվ դատարկ է, գնացեք հետ եկեք, ու ասեք, որ սխալ եմ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս