«Սա փորձաշրջան է մեզ համար». Առողջապահության կազմակերպիչը՝ կորոնավիրուսի մասին

Արդեն 100-ից ավելի քաղաքացիներ ենթարկվել են թեստավորման, ուստի վարչապետի հայտնած տեղեկությունը, թե սպասում ենք 9 թեստավորման պատասխանի, պետք չէ դարձնել խուճապային տրամադրությունների  պատճառ, սա նորմալ բնականոն գործընթաց է։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։

Անդրադառնալով  Իրանից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին օդնակավակայանից չմեկուսացնելու մասին քննադատություններին՝ Վանեսյանը պարզաբանեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջները հետևյալն են.

«Եթե դու շփվել ես կորոնավիրուսով  վարակված անձի հետ կամ խնամել ես նրան, այդ դեպքում քեզ մեկուսացնում են, հետևաբար՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, համապատասխանում է ԱՀԿ-ի այս պահանջին։ Ծաղկաձորյան հյուրանոցում գտնվող մեր քաղաքացիներին մեկուսացրել են՝ ինկուբացիոն շրջանը հաշվի առնելով, իսկ եթե նրանց մոտ ի հայտ գան ախտանշաններ, եթե կորոնավիրուսը դրական եղավ, այդ քաղաքացիները ոչ թե կմնան այնտեղ, այլ կտեղափոխվեն ինֆեկցիոն հիվանդանոց։ Կարանտինում պահելու անհրաժեշտություն չկար. Պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀ եկած բոլոր քաղաքացիների համար կարանտինային պայմաններ ստեղծվեին, դա անիրատեսական է թե մեր երկրի, թե այլ երկրների համար։ Մեր հիվանդանոցները բավականաչափ  ծանրաբեռնված են, եթե կորոնավիրուսով վարակվածներին տանենք ինչ-որ հիվանդանոց, նշանակում է՝ պարալիզացնել այդ հիվանդանոցի աշխատանքը»,- ասաց  Վանեսյանը։

Առողջապահության կազմակերպչի փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի բուժման մեթոդ այս պահին չկա, և որոշակի երկրների կլինիկական փորձի վրա հիմնվելով  է դա իրականացվում։

«Ասում են, որ ՄԻԱՎ-ի դեղերը որոշակի ազդեցություն ունենում են, նման ազդեցություն են ունենում նաև Հեպատիտ C-ի դեղերը»,- ասաց  Վանեսյանը։

Խոսելով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների մասին՝ Վանեսյանը նշեց, որ վարակակիր բոլոր երկրներում վարակվածների թիվը կազմում է 89.235, առողջացածներինը՝ 45.197, իսկ մահերի թիվը՝ 3051։

«Եթե նայում ենք ըստ երկրների՝ ամենաշատ վարակվածությունը եղել է Չինաստանում, Հյուսիսիային Կորեան երկրորդ տեղում է, 3-րդ պետությունն Իտալիան է, 4-րդ տեղում՝ մեր հարևան Իրանը։  Եթե համեմատենք 1 տարվա ընթացքում սեզոնային գրիպի մահացության ցուցանիշի հետ, ապա գրիպի դեպքում ունեցել ենք տարեկան մինչև 650 հազար մահ, թեև նշեմ, որ և սեզոնային գրիպի, և կորոնավիրուսի վարակելիության  ցուցանիշը նույնն է.   1 վարակված մարդը կարող է վարակել 2.5 անձի. այս ցուցանիշը նույնն է գրիպի և կորոնավիրուսի դեպքում»,- ասաց  Վանեսյանը։

Անդրադառնալով դիմակների դիֆիցիտի հարցին՝ Վանեսյանն ասաց, որ պետք է նախ հասկանալ, թե  ինչու դիմակների մի մեծ խմբաքանակ արտահանվեց Հայաստանից դուրս, իսկ ինչ վերաբերում է դիմակների օգտագործմանը, ապա պետք է հիշել, որ դիմակ պետք է կրի այն անձը, որը  կորոնավիրուսակիր է, կամ խնայում է ու շփվում նման վարակ ունեցող մարդու հետ, այնպես որ, մասսայական դիմակները կրելու անհրաժեշտություն չկա։

«Մենք ունենք հիվանդանոցներ, որտեղ պահեստավորված է՝ ըստ անհրաժեշտության օգտագործելու համար, բայց պատկերացնո՞ւմ եք՝ սկսեն դիմակաբաժանությամբ զբաղվել, ինչ խուճապ դա կառաջացնի։ Վստահեցնում եմ՝ մասսայական դիմակներ կրելու անհրաժեշտություն չկա:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե մենք ունենք տարրական դիմակների խնդիր, այդ դեպքում ի՞նչ խնդիրներ կառաջանան բուժման գործընթացում, Վանեսյանը պատասխանեց. «ոչ մի երկիր էլ պատրաստ չի եղել կորոնավիրուսին դիմավորելու և դիմակայելու, սա փորձաշրջան է մեզ համար»,- ասաց  Վանեսյանը։

Նարեկ Վանեսյանը անդրադարձավ նաև մարզային բժշկական կենտրոնների՝ ինֆեկցիոն բաժանմունքներում առկա խնդիրներին։

Նրա խոսքով՝ ունենք իրականություն, որ տարիներ առաջ Համաշխարհային բանկի միջոցով  կառուցված հիվանդանոցներում ինֆեկցիոն բաժանմունքները հայտնվել են թերապևտիկ և մանկական բաժանմունքների հետ։

«Հետևաբար՝ կորոնավիրուսով վարակված դեպքերի պարագայում այդ հիվանդանոցները չեն օգտագործվի։ Օրինակ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բժշկական կենտրոնում ևս ինֆեկցիոն բաժանմունքը հիվանդանոցի ներսում է, հետևաբար՝ եթե այդ մարզերում դեպքեր արձանագրվեն, Առողջապահության նախարարությունը նրանց կտեղափոխի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասաց  Վանեսյանը։

Խոսելով  ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու ֆեյսբուքյան կոչի մասին, որով  վերջինը պահանջում էր «առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողմնորոշելու համար»,   Առողջապահության կազմակերպիչը հակադարձեց.

«Անկախ նրանից՝ նախարարի անձը սիրելի՞ է, թե՞ ոչ, սա համընդհանուր պայքար է, և պետք է միավորվել։ Պատերազմի ժամանակ, կապ չունի՝ զորավարն ով է, զորավարին չեն գլխատում կամ հեռացնում, տվյալ պարագայում ոլորտը ղեկավարում է Թորոսյանը, և ինքն է առաջնորդում կորոնավիրուսի հայտնաբերման, բուժման աշխատանքները։ Ես համարում եմ, որ պետական դավաճանության նման մի բան կլինի, եթե կորոնավիրուսի ընթացքում փորձեն նախարար հանել»,- ասաց  Վանեսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս