«Ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է». Արսեն Թորոսյանը՝ կարանտին չկազմակերպելու մասին
Կառավարության արտահերթ նիստում որոշում էր կայացվել սահմանափակել Իրանի հետ ուղևորաշրջանառությունը՝ որոշակի բացառություններով: Այն է ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, Իրանի քաղաքացիներն էլ՝ Իրան: Այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքի մանրամասները:
«Հաճախ նշվում էր, թե ինչու ամբողջությամբ չի փակվել սահմանը: Ասեմ, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը չի կարող սահմանափակվել: Հետևաբար՝ մեր քաղաքացիները իրավունք ունեն վերադառնալ իրենց երկիր»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ Իրանից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու ընթացքում մասնագետները աշխատել են Թեհրանից սկսած: Նրանց ուղեկցում էին բժիշկները, կատարում անհրաժեշտ զննում, բոլորին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ: Նույն վերահսկողությունը շարունակվել է Երևանում: Ուղևորներից որևէ մեկը, չունենալով գանգատ, գնացել է տուն:
Ինչո՞ւ չի կազմակերպվել կարանտին հարցին ի պատասխան, նախարարը նշեց, որ ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է:
«Թեհրանից Հայաստան եկած ուղևորները օդանավակայանից դուրս են եկել առանձին ուղիով: Եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով հիվանդ, ապա խորհուրդ է տրվում տվյալ անձի նստած տեղից երկու շարք առաջ, և երկու շարք հետ, ինչպես նաև իր շարքի ուղևորներին մեկուսացնել, ինչն էլ անում ենք: Մեկուսացվել է հիվանդին և նրա կնոջը տուն տարած քաղաքացին, որը տաքսու վարորդ չէր: Նույնը վերաբերում է հիվանդանոց գնալուն: Նա տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով, անձնակազմը նույնպես մեկուսացվել է: Մենք բոլորին պահում ենք հսկողության տակ: Մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին: Թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է»,- ասաց նա:
Նախարարը հիշեցրեց, որ կանխարգելիչ միջոցառումները սկսել են իրականացնել հունվարի 22-ից, ինչը տվել է իր արդյունքը, տեղական բռնկումներ չկան, առայժմ միայն այս մեկ բերովի դեպքն է:
Ինչ վերաբերում է ներկայում հայ-իրանական սահմանի շարժին, ապա նախարարը նշեց, որ հատուկ ընթացակարգով թույլատրվում է բեռների փոխադրում ՀՀ տարածք: Տեղերում աշխատում են մասնագետներն ու ոստիկանները: