Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը
Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը երկու շաբաթով՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ հանրապետությունում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք:
«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունները և այլ պետությունների փորձը՝ կապված կորոնավիրուսի ռիսկի տարածման հետ, որոշում է կայացվել՝ 2 շաբաթով փակել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանները»,- տեղեկացնում են վիրուսի դեմ պայքարի համար երկրի ստեղծած գործադիր շտաբից:
2019 թվականի դեկտեմբերի 31-ից Չինաստանի իշխանությունները տեղեկացրել էին ԱՀԿ-ին ՈՒհան քաղաքի կենտրոնական հատվածում անհայտ թոքաբորբի բռնկման մասին:
ԱՀԿ-ի տվյալներով ՉԺՀ սահմաններից դուրս կորոնավիրուս հայտնաբերվել է աշխարհի 51 երկրում, վարակվածների թիվը հասել է 4691, իսկ մահացածներինը՝ 67 մարդ: