Ինչպես են ցուցարարները ծեծելով ոստիկանից խլել նրա զենքը և ինչ ելույթ է ունեցել Փաշինյանն այդ օրը. ներկայացնում է Բագրատ Միկոյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ անդրադարձավ մարտի 1-ի դեպքերի մասին պատմող Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմին և  ներկայացված հանգամանքներին:

Առաջին դիտարկումը վերաբերում էր ֆիլմում ներկայացվող այն պնդմանը, որ մարտի 1-ի ցերեկվա ժամը 3-ից մինչև մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա ժամը 3-ը քաղաքապետարանի հրապարակում ամեն ինչ խաղաղ էր ու ոչինչ տեղի չէր ունենում: Միկոյանը ներկաներին առաջարկեց դիտել կադրեր, որոնք ֆիլմում չեն օգտագործվել: Կադրերում երևում  էր, որ մարտի 1-ի կեսօրից հետո այդ հատվածում բախումներ էին, մասնակիցները հարվածում էին մեքենաներին:

Անդրադառնալով ֆիլմի մեկ այլ դրվագի, որտեղ նշվում է, որ ոստիկանական մեքենան 2 ցուցարարի վրաերթի է ենթարկում, Միկոյանն ասաց.

«Այդ վիլիսը ոստիկանության Գուգարքի բաժնի վիլիսն է, որով 3 ոստիկան պարեկապահակային ծառայություն էին անցկացնում: 3-ն էլ ծեծի են ենթարկվում, ու մի ոստիկանը միայնակ փորձում է այդ գազազած ամբոխից այդ վիլիսով ճողոպրել: Վրաերթ ու ճողոպրել բառերը խառնել են»,- ասաց Բագրատ Միկոյանը՝ ներկաներին առաջարկելով դիտել կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես են մի քանի տասնյակի հասնող ցուցարարներ քաշքշում, ծեծում մի ոստիկանի, որն էլ հետո նստում է այդ ոստիկանական մեքենան ու փորձում հեռանալ»:

Հետո Միկոյանը  ներկաների ուշադրությունը հրավիրեց տվյալ դեպքի մասին այդ օրերին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, թե «մեր տղաները արժանի կերպով այդ ոստիկան կոչվածին, դա ոստիկան չի եղել, դա սրիկա է եղել, և էդ սրիկային ինչ որ հասնում էր, արել են մեր տղաները ու ճիշտ են արել»:

Նա անդրադարձավ նաև մարտիմեկյան իրադարձություններից մի քանի օր հետո ԱԺ ամբիոնից տվյալ դեպքի մասին Ստյոպա Սաֆարյանի հրապարակած ելույթից մի հատվածի. «թե՛ իբրև ականատես, թե՛ իբրև բազմաթիվ ականատեսների հետ զրուցած անձնավորություն՝ դուրս է թողնվել մի էպիզոդ, թե ինչպես է ոստիկանական մեքենան վրաերթի ենթարկել ցուցարարներից երկուսին»:

Դրանից որոշ ժամանակ անց Ստյոպա Սաֆարյանը հրավիրվել էր ՀՔԾ, քննիչին ասել էր, որ անձամբ չի տեսել, որ ոստիկանական ավտոմեքենան վրաերթի ենթարկի որևէ անձի, այլ տեսել է միայն «բազմության մեջ մխրճվող ոստիկանական վիլիսը, վրաերթի դեպքի մասին ինձ հայտնել է անծանոթ մի տղամարդ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս