Հանուն քաղաքական քմահաճույքի
Յուրաքանչյուր ժողովրդավարական պետության քաղաքական-իրավական համակարգի հիմքում ընկած է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները` որպես սահմանադրական կարգի հիմնական բաղկացուցիչ տարր: Հայտնի է, որ ընտրական գործընթացները բաղկացած են հաջորդական ժամանակահատվածներից, որոնց մեջ առանձնանում է նախընտրական քարոզարշավը` որպես ընտրությունների կազմակերպման և անցկացման սկզբնական և պատասխանատու փուլ: Այս փուլում հանրությանը օբյեկտիվ և հավաստի տեղեկություններ տրամադրելու տեսակետից կարևորվում է ԶԼՄ աշխատանքը։ Փաստ է նաև այն, որ ընտրական գործընթացի մեջ կարևոր նախապայման է հակադիր բևեռների՝ միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքն ու կոնտենտով լեցուն քննադատությունը, և ոչ երբեք պոպուլիզմն ու դեմագոգիան։ Սակայն, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ ապրիլի 5-ին սպասվող Սահմանադրական հանրաքվեի նախընտրական շրջանը մեզ տանելու է լրիվ այլ իրականություն։
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը կփորձի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը տանել այն ուղղությամբ, որտեղ ուժեղ է՝ «սևերի» և «սպիտակների» հակադրությունը, սակայն պարզ է նաև այն, որ բոլորս արդեն հոգնել ենք հասարակության բևեռացումից, որովհետև դրա մեջ քաղաքական գաղափարներ չեն ծնվում, և նրանք, ովքեր գաղափարներ ունեն, չեն ուզում մտնել այդ պայքարի մեջ․ առաջին հայացքից էլ պարզ է, որ խնդիրն ավելի շատ քաղաքական է, քան՝ քարոզչական:
Արդեն իսկ իշխանական հռետորաբանությունից ու նրանց որդեգրած տակտիկայից պարզ է, որ հանրաքվեի քարոզարշավը վերածվելու է թշնամանքի քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման, իսկ երկիրը ներսից քայքայելու վնասն անհետևանք չի մնալու. այն կարող է երկար և ավերիչ ազդեցություն ունենալ։ Տարբեր ժամանակներում անհավասար պայմանների մասին հոխորտացող Նիկոլ Փաշինյանն իր ձեռամբ է փորում այդ հակադիր կողմերի միջև առկա խրամատը՝ փորձելով շարքային քաղաքացու աչքի առաջ երևալ նույն «սուրբ ու անմեղ», բարի Նիկոլը։
Վերջին մի քանի օրերի իշխանական ճամբարից հնչեղ հայտարարություններն ու կոչերը խոսում են այն մասին, որ բովանդակազուրկ քարոզարշավին յուրահատուկ «շուք» հաղորդելու նպատակով հերթական անգամ թիրախավորվելու են ՍԴ դատավորները, պարզվելու է, որ ՍԴ-ն «ուղիղ և սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար և այսպիսի ՍԴ ձևավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար», և, որ շուտով ՍԴ-ն ազատելու է բոլոր կոռուպցիոներներին։ Թշնամի են հռչակվելու բոլոր նրանք, ովքեր չեն կիսում հանրաքվեի միջոցով ՍԴ դատավորներից ազատվելու «փայլուն» գաղափարը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ արդեն պատրաստ է «Այո»-ի նախընտրական քարոզարշավի բուկլետը, այն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Նիկոլ Փաշինյանը։ Բուկլետն իր տեսքով հիշեցնում է ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ ավելին, նա այդպես էլ կոչվում է՝ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր»։ Փաշինյանն այս կերպ հերթական անգամ ձեռնամուխ է լինում հանրությանը «чужой-свой» բաժանելու գործին։ Փաստացի նա այս կերպ հերթական արհամարհանքն է ցուցաբերում հայ հանրության նկատմամբ։
Իշխանությունները դիմել էին իրենց հերթական մանիպուլյացիային՝ հանրաքվեի բուկլետի մեջ ամեն կերպ ներդնելով իրենց հայտնի «100 փաստերի» տրցակը։ Նման գործելաոճն ապացուցում է այն պնդումը, որ առաջիկա հանրաքվեն բացառապես քաղաքական ենթատեքստեր պարունակող գործընթաց է և իրավականության հետ ոչ մի աղերս չունի։
Փաշինյանն իր ներկայացրած բուկլետի միջոցով ևս մեկ անգամ սահմանագիծ քաշեց, իր բառերով ասված՝ «հին Հայաստանի» և «նոր Հայաստանի» միջև։ «Հպարտ քաղաքացու» անձնագիր ձևակերպումն ինքնին վիրավորական է, քանի որ, Փաշինյանը բացահայտ ակնարկում է, որ նա, ով հանրաքվեին «Ոչ» կասի, ՀՀ քաղաքացի չէ։ Ավելի մեծ մարդատյացության քարոզ, քան տարվում է օրվա իշխանության քաղաքական թիվ մեկ պատասխանատուի կողմից, դրսևորվել չէր կարող, քանի որ նա այդ կերպ ցույց է տալիս, որ ինքը ողջ հայության վարչապետը չէ, այլ մի խումբ «հպարտ զոմբիների», որոնք հանուն իր քաղաքական քմահաճույքի՝ պատրաստ են ամեն ինչի։
Արմեն Հովասափյան