«Յուրաքանչյուր մարդ դիմացինին չափում է իր արշինով». Արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ վարչապետի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ «պետական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք շատ չարացած են մեծ մասի վրա, հեղափոխության վրա… նաև նախարարների պարտականությունն է՝ լիցքաթափվելու հնարավորություն տալ այդ մարդկանց, թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու, թող էդ մարդիկ պետք է պետական կառավարման համակարգից թողնեն-գնան, զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա ընդդիմություն լինելը կարող է ավելի եկամտաբեր լինել»:

Վարչապետի հայտարարությանն ի պատասխան՝ 168.am-ի հետ զրույցում արձագանքեցին արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:

«Առողջ հանրություն» հ/կ ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն ասաց, որ նման հայտարարություն անելով՝ Նիկոլ Փաշինյանը պատռել է իր իսկ դիմակը։

«Նման հայտարարություն անելով՝ Նիկոլ Փաշինյանը բոլորիս պարզ է դարձրել, որ ինքը ժամանակին ապականել է ընդդիմադիր դաշտը և նման աշխատանք կատարելով՝ վարձատրվել է։ Յուրաքանչյուր մարդ դիմացինին չափում է իր արշինով և յուրաքանչյուր մարդ դիմացինի մասին կարծիք հայտնելիս, առաջին հերթին՝ փաստացի ներկայացնում է սեփական անձը»,- նշեց Մարինա Խաչատրյանը։

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ նշեց, որ այս ամենից պարզ է դառնում, որ փաստորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն է աշխատել։

«Ժամանակին մամուլում և օդի մեջ կախված լուրեր էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ի «պրոյեկտ» է և փաստորեն ընդդիմադիր է աշխատել։ Ընդդիմադիր լինելը կեցվածք է, և բնական է, որ կեցվածքին համապատասխան՝ ծավալում ես գործունեություն»,- ընդգծեց Սոնա Աղեկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս