Սինգապուրի ղեկավարներն իրենց աշխատավարձը պարգևում են կորոնավիրուսի դեմ պայքարողներին
Սինգապուրի նախագահը, վարչապետը, կառավարության անդամները, ինչպես նաեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները չեն ստանա մեկ ամսվա աշխատավարձը, գոյացած միջոցները կօգտագործվեն հիվանդանոցների, տարբեր գերատեսչությունների այն աշխատակիցներին պարգեւավճարներ տալու համար, որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ անմիջական պայքարով: Այդ մասին փետրվարի 28-ին խորհրդարանում հայտարարել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Հեն Սվի Կիտը։
Բոլոր նրանք, ովքեր գտնվում են վիրուսին դիմակայելու առաջնագծում, պարգեւատրվելու են»,-ասել է նա:-«Խոսքը վերաբերում է այն բուժաշխատողներին, որոնք ծառայում են պետական տարբեր գերատեսչություններում եւ որոնք այս օրերին պայքարում են կորոնավիրուսի դեմ»,-ընդգծել է Հենը: «Հնարավոր է՝ մենք չենք կարող նրանց հատուցել պատշաճ չափով, բայց կջանանք մեր զորակցությունը հայտել այս ձեւով»,-նշել է փոխվարչապետը:
Ֆինանսների նախարարն ասել է, որ ամսական աշխատավարձը չի ստանա Սինգապուրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը, բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները կզրկվեն առանձին ֆինանսական փոխհատուցումներից: Սինգապուրի վարչապետն ամենաբարձր վճարվող քաղաքական գործիչն է աշխարհում, նրա ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: