
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք է այնտեղ գտնվեին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչակա խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել, որին ենթարկվել են նաեւ «ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվող» թուրք զինծառայողները: Մինչդեռ, թուրքական կողմի տվյալների համաձայն, այդ շրջանում թուրքական բանակի ոչ մի ստորաբաժանում չկար եւ չպետք է լիներ, ընդգծել են պաշտպանության նախարարությունում:
Տուժած թուրք զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկել կրակը դադարեցնելու համար եւ ապահովել է զոհվածների ու վիրավորվածների տարհանումը Թուրքիայի տարածք: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Բեհուն բնակավայրի շրջանում չի կիրառվել»,- հավելել են ռազմական գերատեսչությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է BBC-ն, Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել: Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա: Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն: