Սիրիայում առնվազն 33 թուրք զինվորական է զոհվել
Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Հաթայի նահանգի նահանգապետ Ռահիմ Դողանը, նահանգ, որը սահմանակից է Սիրիային: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Դողանը, ավիահարվածը հասցրել են «սիրիական ռեժիմի» ռազմաօդային ուժերը, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա:
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Սիրիայում կենդանի ուժի կորուստների մասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն: Ինչպես հաղորդել է BBC-ի թուրքական ծառայությունը, այն շարունակվել է շուրջ վեց ժամ: Փետրվարի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրել է Իդլիբի իրադրության ապաէսկալացիայի վերաբերյալ համաձայնության խախտման մեջ: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովի խոսքով՝ Անկարան «շարունակում է ապօրինի զինված կազմավորումների գործողությունների օժանդակումը հրետանու կրակով եւ հետախուզական-հարվածային անօդաչու օդուժի կիրառմամբ»:
Ինչպես հաղորդել է Ֆրանս Պրես գործակալությունը, Իդլիբում հարձակումն արդեն դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որի հետ հեռախոսով խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք պաշտպանում ենք Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակցին, եւ շարունակում ենք կոչ անել, որ անհապաղ դադարեցվի Ասադի ռեժիմի, Ռուսաստանի եւ այն կազմավորումների անվայել հարձակումը, որոնց աջակցում է Իրանը»: