Բաժիններ՝

Նոր Նորք վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունները բացահայտվել են

Փետրվարի 10-22-ը Երևանի Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների շենքերում չորս բնակարանային գողություն էր կատարվել: Թիրախը առաջին հարկի բնակարաններն էին:
Հարմարեցված գործիքով բացում էին պատուհանները, գողանում` ինչ հնարավոր էր` ոսկեղենից մինչև կենցաղային իրեր:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 12-ին` օպերատիվ կառավարման կենտրոնից: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Նելսոն Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկի պատուհանն ու հեռուստացույց գողացել: Փետրվարի 10-ից 20-ը կոտրել էին Մոլդովական փողոցի բնակարաններից մեկի պատուհանի ճաղավանդակի կողպեքը, սենյակները տակնուվրա անելուց հետո գողացել հեռուստացույց, ձայնարկիչ` ուժեղացուցիչներով, տեսաձայնարկիչ և կենցաղային իրեր:
Գրեթե բոլոր դեպքերով ոստիկանությունում ահազանգեր էին ստացվել, տուժողներից բացատրություններ վերցվել: Ուսումնասիրվել էին դեպքի վայրերը:

Փետրվարի 17-ից 19-ը նույն եղանակով Մոլդովական փողոցի բնակարաններից մեկն էին մտել, հյուրասենյակից գողացել հեռուստացույց:
Դեպքերի վերլուծությունը ցույց էր տալիս, որ հանցամիտներն ընտրում էին այն բնակարանները, որոնց տերերը կա՛մ արտասահմանում էին, կա՛մ ինչ-ինչ հանգամանքների բերումով մի քանի օրով բացակայել էին մայրաքաղաքից: Պատուհաններ բացելու եղանակն էր նաև նույնը: Մի ընդհանրություն էլ կար. բոլոր բնակարաններից հեռուստացույց էին գողացել, ինչը հուշում էր, որ հանցամիտները մեքենայով են:

Գողությունները կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները ծավալուն միջոցառումներ սկսեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, և հետևողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինեն 30 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը բնակվում է Արշակունյաց պողոտայում, մյուսը Բագրատունյաց փողոցի բնակիչ է: Մեքենան, որով գողության էին գնում, «Նիսան» մակնիշի էր: Սակայն նրանց պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան:
Ոստիկանները տեղեկություններ ստացան, որ փետրվարի 22-ի գիշերը կասկածյալները Մոլդովական փողոցի շենքերից մեկից պատրաստվում են գողություն անել: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 4-ի սահմաններում Մոլդովական փողոցում հայտնաբերել էին կասկածյալների «Նիսան» մակնիշի մեքենան: Ոստիկանների տեսադաշտում հայտնվածներն իրավապահներին տեսնելով՝ դիմել էին փախուստի: Սակայն Գայի պողոտայում նրանց մեքենան, կորցնելով կառավարումը, վթարի էր ենթարկվել, և քրեական հետախույզները երկուսին էլ բերման էին ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ավելի ուշ բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նաև նրանց մեքենան:
Միջոցառումները շարունակվում էին, երբ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, բնակարանային գողության ևս մեկ ահազանգ ստացվեց: Մոլդովական փողոցում փետրվարի 16-ից 22-ը կոտրել էին բնակարաններից մեկի ճաղավանդակի փականը և հեռուստացույց, սպասքի հավաքածու, բիժուտերիա, ոսկյա ու արծաթյա զարդեր գողացել:
Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց։ Ոստիկաններն արձանագրեցին, թե ինչպես են տուն մտել, որտեղից՝ ինչ գողացել։

Բաժնում պարզվեց, որ այս հանցադրվագը նույնպես բերման ենթարկվածների ձեռքի գործն է: Կասկածյալները Նոր Նորքի վարչական շրջանում կատարած չորս բնակարանային գողություններից զատ խոստովանել են, որ փետրվարի 11-ին Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի մի բնակարանից հեռուստացույց ու համակարգիչ են գողացել:
Գողոնը մասամբ առգրավված է:

Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս