
Սիրիայում ՀՀ դեսպանը Սիրիայի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական ուղերձը

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 26-ին այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպել է Ժողովրդական ժողովի նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Գևորգյանը Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալական ուղերձը՝ ՍԱՀ ԺԺ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ:
Դեսպանը նշել է. «Այս բանաձևը հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի վառ վկայությունն է։ Բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:
ՀՀ դեսպանն ու ՍԱՀ խորհրդարանի նախագահն անդրադարձել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը և, այդ համատեքստում, ընդգծել բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման կարևորությունը: