«Զգուշավորության կոչ եմ անում, նման տեսանյութերը լուրջ իրարանցում են առաջացնում հանրության մեջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ իբրև մի ադրբեջանցի, տեսանկարահանելով հայկական փողոցներ ու կառույցներ, պատմում է, որ ինքը հին ադրբեջանական քաղաքում է՝ Էրիվանում, և որ այստեղ ԱԱԾ-ն լավ չի աշխատում, ասաց, որ նման տեսանյութերը կարելի է հանգիստ մոնտաժել, և սա փաստ չէ, որ այստեղ ադրբեջանցի է եղել:
«Դժվար է դատել տեսանյութի իսկության մասին, քանի որ շատ հեշտ կարելի էր նախապես ունենալ այդ կադրերը, ապա տեքստ դնել, տեխնիկապես դա դժվար չէ, բայց նաև չեմ բացառում, որ ադրբեջանցի, ամենայն հավանականությամբ՝ ոչ Ադրբեջանի քաղաքացի, կարող էր լինել Հայաստանում և նման տեսանյութ անել: Միայն այս փաստի առկայության պարագայում խոսել ԱԱԾ աշխատանքների անարդյունավետության մասին՝ սխալ կլինի, Հայաստանը տոտալ փակ չէ: Բայց զգուշության և զգուշավորության կոչն այստեղ պարտադիր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդպիսի մի տեսանյութի տարածումը լուրջ իրարանցում է առաջացնում հայ հանրության շրջանում: Երկու օր շարունակ դա սոցցանցերի քննարկման հիմնական թեմաներից է»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: