ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրների
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 26-ին հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մեծապես կարևորվել է նաև հայ համայնքի պատմական ներկայությունը Սուրբ վայրերում և նրա ներդրումը Պաղեստինի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:
Պաղեստինի ԱԳ նախարարը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, այդ համատեքստում վերջին զարգացումները և պաղեստինյան կողմի դիրքորոշումները։ Նախարար Մնացականյանը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի, այդ թվում՝ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:
Նախարարներ Մնացականյանն ու ալ Մալիքին նաև անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական այլ խնդիրների:
Հայաստանի ԱԳ նախարարը իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: