«Կան ադրբեջանցիների կողմից վկայություններ». Տաթև Հայրապետյանը՝ Սումգայիթում հայերի ջարդերի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի խոսքով՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերի հետ կապված՝ տարվում է հստակ գիծ, որպեսզի այդ ամենը ներկայացվի՝ որպես  անհանդուրժողականության, ռասիզմի և քսենոֆոբիայի շղթայի օղակներից մեկը։

«Ի պատասխան Արցախում խաղաղ ցույցերի՝ Ադրբեջանի իշխանությունները պատասխանեցին սումգայիթյան բռնությամբ, ցույց տալով իրենց իրական դիմագիծը, դրանով իսկ նաև հրահրելով, հետագայում բերելով պատերազմի անմարդկային կողմը, որին ականատես ենք եղել նաև մեր օրերում, երբ 2016 թվականի ապրիլին Թալիշում խաղաղ բնակչության հանդեպ նման ոճրագործություն իրականացվեց, կամ հայ սպա Գուրեն Մարգարյանի սպանության հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցին և միջազգային հանրության կողմից տրվող գնահատականներին։

Ըստ նրա՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերի հետ կապված բավականին շատ հրապարակումներ կան  միջազգային մամուլում, և միջազգային հանրությանը ճշմարտությունը ցույց տալու գործընթացը շարունակվում է։

«Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում տարբեր հարթակներում մաքսիմալ ջանք գործադրում ենք այս ամենը հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Բնականաբար, Ադրբեջանը վարում է ժխտողական քաղաքականություն, բայց կան բազմաթիվ փաստեր, որի մասին ոչ միայն մենք ենք խոսում, այլև ադրբեջանական աղբյուրները, որոնք պատմում են այդ դեպքերի մասին, կան անգամ ադրբեջանցիների  վկայություններ։ Ժամանակին խորհրդային մամուլը այս ամենը փորձում էր որակել՝ որպես խուլիգանական տարրերի գործողություն, այդուհանդերձ կան հրապարակումներ, թե ինչ կարգի բռնություններ են իրագործվել»,- շեշտեց պատգամավորը։

Նրա բնորոշմամբ՝ սումգայիթյան ջարդերի հետ կապված փաստերը շատ են ու ակնհայտ՝ անկախ այն հանգամանքից, թե  Ադրբեջանը որքան գումար է ծախսում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս