
Ռոհանին հերքել է կորոնավիրուսի պատճառով Իրանի քաղաքներում կարանտին սահմանելու մասին լուրերը

Իրանի իշխանությունները պլանավորում են կարանտինի մեջ պահել ոչ թե քաղաքները կամ ամբողջ շրջաններ, այլ միայն կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանշաններով առանձին մարդկանց: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ցանկանում են մեկ ամսով կարանտինի ենթարկել ինչ-որ քաղաք կամ առանձին շրջան՝ մեկ շաբաթով: Նման որոշում պետությունը չի ընդունել»,-նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:
Ռոհանիի խոսքով՝ «եթե մարդու մոտ կան հիվանդության ախտանշաններ, նրան կարանտինի են ենթարկում»: «Մենք դրա համար բազմաթիվ կենտրոններ ենք նախատեսել Թեհրանում: Երեկ տեղադրել են լրացուցիչ մահճակալներ»,-ասել է նա:
Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Թեհրանի համալսարաններում սովորող ռուսաստանցի մի քանի ուսանողներ, օտարերկրացի ուսանողներին համառորեն խորհուրդ են տալիս ամենակարճ ժամկետում լքել Իրանը: Այս հանձնարարականը բուհերի ներկայացուցիչները փաստարկում են նրանով, որ ուսումնական հաստատությունները դադարեցնում են աշխատանքը, իսկ շաբաթ օրվանից Թեհրանում հնարավոր է կարանտինի սահմանում: