
«Մենք չպետք է չափից շատ ձգտենք հայտարարել համավարակի առկայության մասին՝ առանց փաստերի մանրակրկիտ ու մտածված վերլուծության». Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար: Փետրվարի 26-ին ելույթ ունենալով Ժնեւում կայացած բրիֆինգում, նա նշել է, որ այդ բնորոշման օգտագործումը կարող է դառնալ այն բանի ազդանշանը, որ համաշխարհային հանրակցությունն ի իր զորու չէ զսպել վարակի տարածումը, ինչը չի համապատասխանում իրականությանը։
«Մենք չպետք է չափից շատ ձգտենք հայտարարել համավարակի առկայության մասին՝ առանց փաստերի մանրակրկիտ ու մտածված վերլուծության»,-ասել է նա: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ նման քայլը «կարող է ազդանշան տալ, որ մենք այլեւս չենք կարողանում դիմակայել վիրուսին, ինչը ճշմարիտ չէ»: «Մենք պայքար ենք մղում, որում կարող ենք հաղթել, եթե ճիշտ գործենք»,-ընդգծել է Գեբրեյեսուսը: Անդրադառնալով Չինաստանում միջազգային առաքելության փորձագետների աշխատանքի արդյունքներին՝ նա նշել է, որ դրանք «պետք է բոլոր երկրներին տան հույս, արիություն եւ այն բանի վստահությունը, որ վիրուսի տարածումը կարելի է կասեցնել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: