«Այո»-ն չի պատրաստվում «կենաց-մահու պայքարի նետվել». քարոզչությունը կմեկնարկի Մեղրի քաղաքից

2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունք ունենալու համար անհրաժեշտ է առնվազն 650.000 քաղաքացու կողմ քվե: «Այո» քարոզչական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ այդքան քվե ապահովելու համար «կենաց-մահու պայքարի» նետվել չեն պատրաստվում:

«Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել: Սա գործընթաց  է, և մենք մեր քաղաքացիների հետ բաց ենք: Մենք հնարավորություն ենք ընձեռել Հայաստանի քաղաքացուն՝ ինքը որոշի, թե ինչպիսի ընթացք է ուզում, որ ունենա մեր երկիրը: Այդ իրավունքը ՀՀ քաղաքացին ձեռք է բերել և այդ իրավունքը իր անօտարելի իրավունքն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյանը:

Հանրաքվեն իրականացնելու համար պետական բյուջեից ծախսվելու է մոտ 3.5 միլիարդ դրամ գումար: Իշխող ուժի ներկայացուցիչներն էլ բազմիցս ասել են, թե ՍԴ ներկա կազմի փոփոխությունը ժողովրդի պահանջն է: Հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդքան գումար  ծախսել:

«Պրոցեսը նախատեսած քաղաքական ուժը չի կարող մարդկանց հետ չզրուցել: Մենք մեր քաղաքացիների հետ զրուցելու հնարավորությունը դնենք մի կո՞ղմ, ասե՞նք՝ դե գիտեք, ժողովուրդը այո կքվեարկի: Ո՛չ: Մենք պիտի գնանք մարդկանց հետ զրուցենք ու ասենք, որ այս պրոցեսը շատ կարևոր է մեր երկրի համար: Մենք չենք խուսափում մեկ ամիս շարունակ մեր քաղաքացիների հետ զրուցելուց»,- հարցին ի պատասխան՝ ասաց քարոզչական շտաբի պետը:

Երբ հայտնի դարձավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, շատերը տեսակետ հայտնեցին, որ իշխող ուժը հավանաբար կփորձի շահարկել Նիկոլ Փաշինյանի անունը, մարդկանց հորդորել հանրաքվեին «այո» քվեարկել՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում: Սուրեն Պապիկյանը համամիտ չէ:

«Մենք չենք ասելու մեր քաղաքացիներին, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում՝ դրա համար այդպես քվեարկեք: Մենք մեր քաղաքացիներին ասելու ենք, որ ՀՀ-ում իշխանության բոլոր մարմինները պետք է լինեն հավասարակշռված, և չի կարող լինել մի մարմին, որը գերակա դիրք ունենա մյուսների նկատմամբ, կամ իր համար տաքուկ, ապահովագրված ինչ-որ տասնյակ տարիների պաշտոն ունենա: ՀՀ-ում մշտական պաշտոնավարման մեխանիզմներ պիտի չլինեն, և ՀՀ քաղաքացու հետ զրույցում մենք պիտի նշենք, որ մեր երկրում ՀՀ Սահմանադրության 2-րդ անփոխարինելի հոդվածը չի կարող որևէ կերպ վտանգված լինել: Ժողովրդի իշխանությունը անքննելի է»,- նշեց Պապիկյանը:

«Այո» քարոզչական ուժը քարոզարշավի առաջին փուլում՝ մարտի 2-ից, 10 միկրոավտոբուսով, որոնք պատված կլինեն «Այո»-ի լոգոյով, ամեն օր 10 մարզում նախատեսում է այցելել գյուղեր, բացատրել մարդկանց «սահմանադրական փոփոխությունների կարևորությունը, էությունը, դրա քաղաքական ենթատեքստը»:

Շտաբի պետի խոսքով՝ հաջորդ փուլում մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց, որտեղ լինելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք բեմ-մեքենաներով կլինեն հանրապետության բոլոր քաղաքներում, նախատեսվում է, որ այդ քաղաքներում կլինեն նաև հանրահավաքներ: Մեկնարկը տրվելու է Մեղրի քաղաքից, առնվազն 4 օր քարոզչություն կտարվի Երևանում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս