Քահանան՝ Մեծ Պահքի շրջանում պսակադրվելու թույլտվության մասին
Քառասնորդական պահքն այս տարի սկսվում է փետրվարի 24-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, շարունակվում մինչև ապրիլի 12-ը` Սուրբ Զատիկ: Մեծ Պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Զատիկ կամ Հարության տոն: Պահքի վերջին` Ավագ շաբաթը, ամենախիստն է համարվում։
Պահքի շրջանում հարկավոր է օգտագործել միայն բուսական ծագման սնունդ՝ հրաժարվել ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի, վատ սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ այս շրջանում պսակադրություն թույլատրվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Խորհրդային շրջանում հայ քահանան միշտ հրաժարվում էր Մեծ պահքի պսակադրություն կատարել, և շատերը ԶԱԳՍ էին գնում ու չէին պսակադրվում: Եվ որպեսզի մարդկանց եկեղեցուց չվանենք, Վազգեն Առաջինը շրջաբերական արեց՝ թույլ տալով պսակվել, բացի Ավագ շաբաթվանից, որն արարչագործության շաբաթ է»,- նշեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը: