Բաժիններ՝

Հարավային Կորեայում օրենք են ընդունել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ

Հարավային Կորեայի Ազգային ժողովը (խորհրդարան) օրենք է ընդունել, որի համաձայն կառավարությունը կկարողանա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրադրության վատանալու դեպքում: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել է YTN հեռուստաալիքը։

Այժմ դիմակների եւ ախտահանող միջոցների դեֆիցիտի առաջացման դեպքում կառավարությունը կարող է արգելք դնել այդ ապրանքների արտահանման վրա, ինչպես նաեւ կասեցնել անհանգիստ համաճարակաբանական իրադրությամբ երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Կորեայի Հանրապետության տարածք:

Բացի այդ, օրենքը հիմք է դրել վարակի ախտանիշներով այն անձանց նկատմամբ պատժի խստացման համար, որոնք հրաժարվում են կարանտինի ենթարկվելուց: Նաեւ այն նախատեսում է քաղաքացիների հարկադրական հետազոտություն՝ բժշկական զննությունից նրանց հրաժարվելու դեպքում:

Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների կազմակերպության վերջին տվյալների համաձայն, Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք: Եվս մեկ մարդ մահացել է: Այդպիսով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1261-ի, մահացել է 12 մարդ: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Տեգու քաղաքում եւ հարեւան Քյոնսան-Պուկտո նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս