«Երկու օր առաջ հրավիրվել եմ ՀՔԾ, ենթադրում եմ, որ կունենամ տուժողի կարգավիճակ». Սուրեն Պապիկյան
Փետրվարի 13-ին «Հրապարակ» թերթը հրապարակել էր մի հոդված, որում նշված էր, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ունեցել է դատվածություն և թաքցրել է այդ մասին տեղեկությունը:
Դրանից հետո Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր իր դատվածության մասին հրապարակմանը՝ ասելով, որ ծառայել է ռուսական բանակում, այդ ժամանակ վիրավորել են իր արժանապատվությունը, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել միջադեպը:
Սուրեն Պապիկյանը հայտարարել էր նաև, թե այս տեղեկատվական արտահոսքը տեղավորվում է «Այո»-ի շտաբի նկատմամբ սկսված հակաքարոզչության մեջ, և դիմեց ԱԱԾ պետին ու ոստիկանապետին՝ պահանջելով պարզել՝ ո՞վ է կազմակերպել ոստիկանության հատուկ բաժնում պահվող այդ ինֆորմացիայի արտահոսքը՝ ակնարկելով, որ դա արել է իրավապահ համակարգում եղած նախկին բարձրաստիճան պաշտոնյան կամ պաշտոնյաները, որոնք այսօր խոսում են պատվից, սպայական պատվից:
«Տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել մեր՝ ՀՀ պետական պաշտոնյաների, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով: Սա անընդունելի է, և տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից»,- ասել էր նա:
Թեև Ս. Պապիկյանն անուն չէր նշել, բայց շատերն ակնարկում նկատել էին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանի անունները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրեն Պապիկյանը կրկին անուններ չնշեց՝ բացահայտումը թողնելով իրավապահներին: Նա նաև վստահեցրեց, որ իր խնդիրը լրագրողի և լրատվամիջոցի հետ չէ:
«Այդ նույն ուղիղ եթերի ընթացքում ես խոսել եմ նաև, որ ես որևէ խնդիր չունեմ ո՛չ լրագրողի, և ո՛չ էլ որևէ լրատվականի հետ: Իմ խնդիրը ՀՀ պետական պաշտոնյայի մասին գաղտնի տեղեկությունը դուրս հանողի հետ է, ու Հայաստանում այլևս պիտի չլինի նման դեպք: Այսինքն՝ այն, ինչ գաղտնի է, ինչ գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, պիտի մնա գաղտնի: Իսկ մեղավորը պիտի պատժվի: Չեմ ուզում դա արդարացում լինի, արդարանալու խնդիր չունեմ»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Պապիկյանը ուղիղ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք ցանկանում է, որ լրատվամիջոցը բացահայտի իր աղբյուրը: Նա վստահեցրեց, որ իր նպատակն է՝ պարզել, թե ինչպե՞ս է պաշտոնյայի մասին գաղտնի ինֆորմացիան դուրս եկել տվյալ իրավապահ մարմնի տիրույթից, ո՞ր պաշտոնյայի կամ ոչ պաշտոնյայի միջոցով:
«Խոսքը չի վերաբերում բամբասանքի կարգի ինֆորմացիային, խոսքը վերաբերում է մարդու մասին գործի ամբողջական վերցնելուն և հրապարակելուն: Սա խնդիր է: Խնդիր է, որ կարող է գաղտնիություն ունեցող ինֆորմացիան դուրս գալ, որովհետև դա վտանգավոր է նաև անվտանգության տեսանկյունից»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ եթե լրատվամիջոցի հետ խնդիր ունենար, ապա կդիմեր դատարան:
Ս. Պապիկյանը նաև ասաց, որ գործով մի քանի օր առաջ հրավիրվել է հարցաքննության:
«Երկու օր առաջ հրավիրվել եմ ՀՔԾ, ենթադրում եմ, որ կունենամ տուժողի կարգավիճակ»,- նշեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում