
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրանի դատական համակարգի ղեկավարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը և տարբեր հարթություններում առկա երկխոսության դինամիկան։
ՄԻԽ 43-րդ նստաշրջանի օրակարգի և աշխատանքների համատեքստում կողմերը շեշտադրեցին մարդու իրավունքների, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորությունը:
Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց զրուցակցին և Իրանի բարեկամ ժողովրդին Իրանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։