«Այո» քարոզչական կողմն ակտիվ քարոզչության փուլը սկսելու է մարտի 2-ից. Սուրեն Պապիկյան
2020թ. ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզչության մեկնարկը պաշտոնապես հայտարարվել է դեռևս փետրվարի 17-ից: Անցել է մեկ շաբաթից ավելի, բայց դասական ակտիվ քարոզչության դրսևորումներ դեռևս չկան ոչ «Այո»-ի շտաբի, ոչ էլ «Ոչ» քարոզչական հարթակի կողմից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո» շտաբի պետ Սուրեն Պապիկյանի խոսքով՝ քարոզչությունը նախատեսել են իրականացնել մի քանի շերտերով:
Ակտիվ քարոզչության փուլը «Այո» քարոզչական կողմը սկսելու է մարտի 2-ից, և այն ընթանալու է մինչև ապրիլի 3-ը ներառյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Սա ամենակարևոր փուլն է, և մեր գործընկերները, այսինքն՝ գործադիրի այն անդամները, ովքեր կմեկնեն արձակուրդ ու կմասնակցեն քարոզչությանը, ինչպես նաև աշխատանքային ժամերից դուրս, և, իհարկե, ԱԺ պատգամավորները՝ մասնավորապես՝ տարածքներից, մարզերից ընտրված մեր գործընկերներն իրենց ընտրած վայրերում իրականացնելու են քարոզչություն»,- ասաց Պապիկյանը:
Շտաբի ղեկավարի խոսքով՝ իրենք նպատակ ունեն հանրությանը ներկայացնել բոլոր կարևոր կետերը, որոնք սահմանադրական փոփոխության շարժառիթ են հանդիսացել, և «դրա կարևորությանը Հայաստանում հետագա բարեփոխումների համար»:
Պապիկյանն այժմ գտնվում է արձակուրդում, մի քանի օրից վերադառնալու է աշխատանքի, քանի որ նախատեսված է այց Վրաստան, որից հետո կրկին կլինի արձակուրդում:
Ս. Պապիկյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է քարոզարշավին, և որոշ օրեր նա ևս լինելու է արձակուրդում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում