Բաժիններ՝

Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 20-ի

Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է 20-ի: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 150 մարդ, տուժածների թվում կան երեխաներ: Ավելի վաղ «Գուրու Թեգ Բահադուր» հիվանդանոցի ներկայացուցիչները, ուր հասցնում են տուժածներին, հայտնել էին 17 զոհվածի մասին:

Նյու Դելիի՝ անկարգություններով բռնված հյուսիսարեւելյան շրջաններում իշխանություններն արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարաններ: Տեղի մի շարք ԶԼՄ-ներ չեն բացառում, որ Հնդկաստանի մայրաքաղաք կարող է զորք մտցվել, եթե իրավապահներին չհաջողվի շտկել իրադրությունը:

Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել է գործել, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում:

Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին: Օրենքը հարուցել է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում է Սահմանադրությունը, որը հավասարություն է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս