
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է, եւ կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Սակայն թերթին հայտնի դարձավ, որ ներկայիս ղեկավարն այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում:
Օրինակ՝ այս տարեսկզբին աշխատանքից ազատվեց Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանը, բայց, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պետրոսյանն ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Եվ այս ընթացքում Կադաստրի կոմիտեում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Կադաստրի կոմիտեում զուգահեռ բարեփոխումների գործընթաց է սկսվել, որը ղեկավարում է տեղակալ Դավիթ Սողոմոնյանը: Խոսքը կադաստրային քարտեզների մասին է:
Պարզվում է՝ կադաստրային քարտեզները կոմիտեի աշխատակազմը փորձում է բերել այն տեսքի, որպեսզի բնակիչը խնդիր չունենա: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս երեւույթը դատական քաշքշուկների, բանկային խնդիրների պատճառ է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած մասնագետի խոսքով՝ Կադաստրի դատական հայցերի գերակշիռ մասը չի բավարարվում, ինչի հետեւանքով Կադաստրը Արդարադատության նախարարությանը պարտք է ավելի քան 200 մլն դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: