Պլաչիդո Դոմինգոն ներողություն է խնդրել այն կանանցից, որոնք նրան մեղադրում են ոտնձգությունների մեջ
Իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն ներողություն է խնդրել այն կանանցից, որոնք նրան ավելի վաղ մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, այն ցավի համար, որը նրանց պատճառել է: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել է Europa Pressсо գործակալությունը՝ վկայակոչելով տենորի հայտարարությունը։
«Այժմ ես հասկանում եմ, որ այդ կանանցից ոմանք կարող էին վախենալ անկեղծորեն բացատրվել, որովհետեւ նրանք անհանգստանում էին, որ դա կազդի իրենց կարիերայի վրա»,-նշել է երգիչը: Նա նաեւ հավաստիացրել է, որ պատրաստ է ստանձնել «ողջ պատասխանատվությունն» այն մեղադրանքների համար, որոնք հնչեցվել են վերջին ամիսներին:
Անցյալ տարվա օգոստոսին Associated Press (AP) գործակալությունը գրել է, որ ինը կանայք Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Նշված դեպքերն իբր տեղ են գտել 1980-ական թվականների վերջից տարբեր ժամանակներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի տարածքում: Կանանցից երեքը, մասնավորապես, հավաստիացրել են, որ Դոմինգոն փորձել է իրենց համբուրել:
Սեպտեմբերին AP-ն հայտնել էր, որ եւս 11 կանայք են տենորին մեղադրել ոտնձգությունների մեջ: Նրանց թվում է ամերիկացի երգչուհի Անջելա Թյոռներ Ուիլսոնը, որը պնդել է, թե Դոմինգոյի կողմից ոտնձգությունների է ենթարկվել 1999-2000 թվականներին Վաշինգտոնի ազգային օպերայում աշխատելու ժամանակ: 79-ամյա Դոմինգոն ինքը սկզբում ընդգծում էր, թե «չնշված անձանց կողմից 30-ամյա վաղեմության մեղադրանքները չափազանց ճնշող են»: Նրա խոսքով՝ ինքը ինտիմ հարաբերությունների մեջ է մտել միայն փոխադարձ համաձայնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: