ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրանից ՀՀ՝ հայաստանաբնակները. Քաղավիացիայի կոմիտե
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում Հայաստանից դեպի Իրան օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով մասնակի դադարեցմամբ պայմանավորված՝ Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել միայն Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ միայն հայաստանաբնակ քաղաքացիները։ Այս մասին հայտնում է կոմիտեի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։ Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ հայաստանաբնակ քաղաքացիները»,- նշված է հայտարարությունում: