Մեր առաջնահերթությունների հարցերով երկխոսության մեջ ենք եվրոպացի գործընկերների հետ. Աննա Նաղդալյանի արձագանքը՝ Արմեն Աշոտյանի գրառմանը

«ՀՀ ԱԳՆ ավելի վաղ արած անդրադարձն այդ թեմային ակտուալ է մինչ այժմ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում ընդգրկված՝ ԼՂ հակամարտությանն առնչվող ձևակերպումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին առաջարկել է ինտենսիվացնել Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի նախապատրաստումը և նախաստորագրել այն «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որը նախատեսված է 2020թ. հունիսին։ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձևակերպումներ։ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և նման համաձայնագրերն ունենում են քաղաքական հավելյալ արժեք: Հայաստանի համար այդ հավելյալ քաղաքական արժեքներից մեկը Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված համաձայնագրում տեղ գտած ԵԱՀԿ ՄԽ-ի մոտեցումների շրջանակում ձևակերպումներն են, որոնք, եթե համաձայնագիրը ստանա վերջնական իրավական ուժ, կարող են դառնալ քաղաքաիրավական մոտեցում ԵՄ-ի համար։

Բայց մեզ համար կարևոր է, որ այդ համաձայնագրի ու Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող դրույթները լինեն համադրելի, եթե ոչ՝ նույնական, քանի որ հակառակ դեպքում Եվրամիությունը իրար հակասող, իրավական ուժ ունեցող երկու համաձայնագիր կունենա։ Բրյուսելից իմ աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի հետ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները, մեղմ ասած, ոչ միայն նույնական չեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, այլև համադրելի չեն։

Առկա տենդենցներով և աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն հսկայական առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին։ Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս երկու տարին, լուրջ հարցերը Հայաստանի գործող իշխանություններին չեն հետաքրքրում: Հայաստանի ԱԳ նախարարությունը և Ազգային ժողովը պարզապես պարտավոր են հաշվետու լինել ժողովրդին և հստակ պարզաբանել, ի՞նչ աշխատանք է տարվել այս ուղղությամբ և ինչպիսի՞ն են արդյունքները։ Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու»։

Աննա Նաղդալյանն ասաց, որ այս թեմայի վերաբերյալ 2019 թվականի մայիս ամսին արած իր անդրադարձն ակտուալ է նաև այսօր: Նա նշեց, որ չի կարող ասել, թե Արմեն Աշոտյանն ինչ աղբյուրներից է նման տեղեկատվություն ստանում:

«ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը երկկողմ հարթակում է: Բնականաբար, այն, ինչ վերաբերում է մեր առաջնահերթ խնդիրներին, մենք եվրոպացի գործընկերների հետ երկխոսության մեջ ենք այդ հարցերով, և իմ մայիսի անդրադարձը ակտուալ է, խնդրում եմ, դա հիմք ընդունեք նաև այսօր»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ 2019 թվականի մայիսի 21-ի ճեպազրույցում Աննա Նաղդալյանն ասել էր. «Գիտեք, այս գործընթացում Հայաստանը որևէ ներգրավվածություն չունի, որովհետև մենք հանդիսանում ենք երրորդ կողմը, իսկ Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիրը կարգավորում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև երկկողմ հարաբերությունները: Դրանք բոլորը երկկողմ հարթակում են: Բայց նաև մեր դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հայտնի է մեր միջազգային գործընկերներին, և որոշ դեպքերում նաև մեր և մեր միջազգային գործընկերների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ամրագրված է համապատասխան փաստաթղթերում: ԵՄ պարագայում խոսքը գնում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների և նաև մեր համաձայնագրի մասին, որը ՀԸԳՀ-ն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվ այս առնչությամբ մենք ուղղակի ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումը այս հարցում»:

 

Տեսանյութեր

Լրահոս