Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատաքննության ընթացքում հետազոտվեցին տեսանյութերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթացող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատակաքննության ապացույցների հետազոտման փուլն է:  Դատարանն անցել է գործում ներգրավված տեսանյութերի հետազոտմանը, դրանք  ցուցադրելուց հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով:

Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև գործով տուժող ճանաչված  ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Դատական նիստերի դահլիճում հետազոտվեցին Բաղրամյան պողոտայում նկարահանված տեսանյութերը: Ցուցադրված կադրերից կարելի էր ենթադրել, որ ոստիկանները լուսարձակող նռնակներ են օգտագործում: Մեկ այլ տեսանյութում, պաշտպանական կողմի բնորոշմամբ, երևում էր, թե ինչպես է քաղաքացին փորձում  ոստիկանից խլել սաղավարտը:

Տուժողներից մեկը տեսանյութերը ցուցադրելուց հետո հայտարարեց, որ իր վրա հենց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն է  նետել լուսաձայնային նռնակը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Երանոսյանը հաստատեց, որ  2 լուսաձայնային նռնակ է նետել  և այդ մասին ասել է ավելի վաղ: Այլ բան չավելացրեց:

Հաշվի առնելով, որ կար նշանակված այլ դատական նիստ, դատավոր Հարություն Մանուկյանը հետաձգեց այսօրվա դատական նիստը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին:

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և 2-րդ մասերով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիներին և անզգուշությամբ առաջացրել  ծանր հետևանքներ։

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին, համապատասխանաբար, Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

Քրեական գործով դեռ առաջին դատական նիստում Լևոն Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չէր ընդունել՝ դրանք համարելով անհիմն:

«Իմ ծառայության ողջ ընթացքում, ինչպես նաև 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում, գործել եմ՝ բացառապես ծառայելով Հայաստանի ազգային և պետական շահերին»,- ասել էր Երանոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս