«Ռոման» ցանկանում է գնել Մխիթարյանին և Սմոլինգին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ասել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել պաշտպան Քրիս Սմոլինգին և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Քրիսը հիանալի, հիանալի տղա է, անհավատալի մասնագետ: Նրա հարմարեցումը իտալական ֆուտբոլին շատ հեշտ էր: «Ռոմայում» բոլորը սիրում են այս տղային, քանի որ նա իսկական պրոֆեսիոնալ է:
Ես կցանկանայի, որ Քրիսը մնա: Մենք շփվում ենք այս թեմայի շուրջ: Ես չգիտեմ, թե որքանով է դա կապված «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակի հետ, բայց ես շատ կցանկանայի, որ Քրիսը մնա այստեղ, քանի որ նա մեզ համար շատ կարևոր է:
Սա հիանալի խաղացող է, հիանալի տղա ՝ ամենօրյա հիանալի վերաբերմունքով: Այս պատճառներով՝ ես ուրախ կլինեի, եթե Քրիսը մնա:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը վնասվածք էր ստացել, բայց այժմ նա վերադառնում է և ապացուցում է իր վարպետության մակարդակը: Տեսնենք։ Սա խաղացող է, ով հիանալի որոշում է կայացնում դաշտում, և ես կցանկանայի նաև նրան պահել մեր թիմում»,- ասել է Ֆոնսեկան:
Սմոլինգի իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» նրա համար առաջարկել է 15+3 միլիոն եվրո, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ստանալ Սմոլինգի համար 20 միլիոն, ինչպես նաև հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ իտալական ակումբում:
Մխիթարյանը պատկանում է «Արսենալին»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործները» մերժել են «Ռոմայի»՝ կիսապաշտպանին 10 միլիոն եվրոյով ձեռք բերելու առաջարկը:
Սիրարփի Աղաբաբյան