«Կոնգրեսի քայլը շատ դրական էր, բայց դա վերջը չէ». ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ
2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Դրանից մոտ 2 շաբաթ առաջ էլ Կոնգրեսի Ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի խոսքով՝ սրանով Միացյալ Նահանգներում իրենց աշխատանքը չի ավարտվում:
«Կոնգրեսի բանաձևով ոչինչ չի ավարտվել: Մենք գնում ենք դեպի արդարություն: Եվ դա կլինի այն ժամանակ, երբ Սպիտակ տանն այդ կապանքը, որ դրել են մեր երկրի վրա, կհանենք: Կոնգրեսի քայլը շատ դրական էր, հիմա գնում ենք դեպի Սպիտակ տուն, և երբ դրան հասնենք, արդարությունը մեզ համար շատ ավելի մոտ պետք է լինի: Մեր աշխատանքն է, որ այդ արդարությունն ավելի արագ հաստատվի»,- այսօր ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահը:
Րաֆֆի Համբարյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներում այս պահին իրենց մյուս հիմնական աշխատանքը ԱՄՆ-ից Արցախին ուղարկվող օգնության շարունակականությունը ապահովելն է: Նրա խոսքով՝ այս պահին ԱՄՆ-ում կան որոշ մարդիկ, ովքեր ջանք չեն խնայում, որ այդ ֆինանսական օգնությունը դադարեցվի:
«Մենք քաղաքական պատերազմի դաշտում ենք: Անցյալ շաբաթ մոտ 40.000 նամակ ուղարկեցինք կոնգրեսականներին, որ այդ օգնությունը շարունակական լինի, որ օգնենք Արցախին»,- ասաց Րաֆֆի Համբարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում