Էլեկտրոնիկայի խանութից գողություն է կատարվել
Ամիսներ առաջ ոստիկանության Իջևանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Իջևանի էլեկտրական տեխնիկայի խանութ-սրահներից մեկից գողացել էին բջջային հեռախոսներ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Իջևանի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու նախաքննական մարմնի ծառայողների հետ։
Հետևողական աշխատանքի արդյունքում փետրվարի 18-ին հանցագործությունը բացահայտվեց։ Ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկված, ապա քննչական բաժին ներկայացված 33-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք տվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել է կալանավորումը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։