«Արցախի բանակցային գործընթացի մանրամասնությունների մեջ կան տարբեր մոտեցումներ». Հակոբ Տեր-Խաչատրյան

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որը մեկնարկեց այսօր, նպատակ ունի ճշտել հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի առաջնահերթությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը:

«Հայրենի օժանդակության, Ցեղասպանության և պահանջատիրության, հայապատկան հողերի և հայակերտումի և երիտասարդների ներգրավման ոլորտների շուրջ աշխատանքները կմնան անփոփոխ: Բայց միջոցները կփոխվին, ձևերը կփոխվին, առաջնահերթությունները ըստ ժամանակի կճշտվին, և այդ ուղղությամբ մենք կունենանք հայկական երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների ներդրումը ՝ թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի: Եվ կճշտենք նաև 2020-2021թթ. անելիքները»,- խոսելով խորհրդաժողովի աշխատանքների մասին՝ ասաց Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Անդրադառնալով Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատրյանն ասաց, որ քննարկման հարցերից մեկը եղել է Արցախը, բայց՝ ոչ միակը:

«Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները լավապես իմանալուց բացի, նաև մեր առաջիկա աշխատանքների համադրումների հարցն էլ կա: Աշխարհով մեկ դեսպանատների հետ մեր գործակցության այլազան երեսների բարելավման խնդիրը կա, որոնք միայն Արցախին չեն վերաբերում: Բայց խոշոր բաժին կա, որ Արցախի բանակցային գործընթացին է վերաբերում»,- ասաց Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում նաև տեղեկություն են փոխանակել առաջիկա աշխատանքների վերաբերյալ:

Օրինակ, ներկայացրել են, թե ինչպե՞ս են տանում Արցախի ինքնորոշման իրավունքի շեշտավորման աշխատանքներն աշխարհի երկրներում, որտե՞ղ են թիրախավորում ուղղակի Արցախի անկախության ճանաչման աշխատանք իրականացնելը, կամ ինչպե՞ս կարելի է ֆինանսապես օժանդակել Արցախին:

Հակոբ Տեր-Խաչատրյանի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ն Հայ Դատի ներկայացուցիչներին նաև ներկայացրել է իր գործունեության առաջիկա ծրագրերը, ստացել են Ղարաբաղյան բանակցային գործընթացի մանրամասներից որոշ տեղեկություն:

Հ. Տեր-Խաչատրյանի բնորոշմամբ՝ որոշ քայլեր ավելի հեշտությամբ կարող են իրականացնել Հայ Դատի ներկայացուցիչները, իսկ որոշ քայլեր կարող է անել միայն պետությունը, ու երեկվա հանդիպումն էլ անելիքները փոխանակելու առիթ է եղել:

Իսկ արդյո՞ք Հայ Դատը գոհ է Արցախի բանակցային գործընթացի այն ուղուց, որ այժմ տանում է այսօրվա իշխանությունը:

Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահի խոսքով՝ բնական է, որ մանրամասնությունների մեջ կան տարբեր մոտեցումներ, որովհետև Հայ Դատի կեցվածքը, Հակոբ Տեր-Խաչատրյանի բնորոշմամբ, բավական արմատական է:

«Բայց նաև մենք հասկանում ենք՝ որպեսզի բանակցությունները տեղի ունենան, Հայաստանի կառավարությունը, և որևէ կառավարություն, անհրաժեշտ է, որ տարբեր այլընտրանքների մասին բանակցի: Դա չի նշանակում, որ այդ այլընտրանքներն ընդունելի են, բայց կնշանակի, որ միջազգային Մինսկի խմբի համանախագահների հսկողության ներքո այդ բանակցությունները պետք է ընթանան, և Մինսկի խմբի երկրները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, ունեն ակնկալություններ և ընդհանուր շրջանակ, որի մեջ տեղի են ունենում այդ աշխատանքները, և այնտեղ է, որ, եթե համընկնի, մենք աջակցելու ենք»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Անդրադառնալով փետրվարի 15-ին Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի քննարկմանը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահն ասաց, որ քննարկման ժամանակ հնչել են, իր բնորոշմամբ, ընդհանրական հասկացություններ, որոնց մանրամասնությունների հարցում ՀՅԴ Հայ Դատն ունի անհամաձայնություններ:

«Երբ համաշխարհային ֆորումի մեջ ես բանակցում, բնական է, որ, վերջիվերջո, եթե որևէ լուծման պետք է հանգես, այդ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորին: Եթե ոչ՝ այն լուծում չէ, կամ պարտադրված պետք է լինի: Վարչապետի բաղձանքն է, որ կարողանանք հասնել այնպիսի լուծման, որը 3 ժողովուրդն էլ ընդունեն, որովհետև, վերջիվերջո, ակնկալում ենք, որ ինչ արդյունք էլ լինի, բանակցությունները պետք է դրվեն ժողովրդական հանրաքվեի, որպեսզի թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ Հայաստանի ժողովուրդը, ենթադրելի է՝ նաև Ադրբեջանի ժողովուրդը, վավերացնի այն»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատրյանը՝ նշելով, որ Դաշնակցության համար հստակ է՝ ինչ լուծում էլ լինի, նրանում «չպետք է լինեն որևէ տեսակի հիմնական զիջումներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս