«Ակնկալում ենք, որ մեր դեսպանատունը վեր կհանի ավելի մեծ հնարավորություններ տնտեսական համագործակցության համար». Լայչակ

«Մեծ ակնկալիքներ ունենք այն փաստից, որ ՀՀ-ում կունենանք դեսպանատուն, որն առաջ կտանի մեր քաղաքական երկխոսությունը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, ով Հայաստանում է՝ մասնակցելու համար այսօր ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան բացման արարողությանը:

Միրոսլավ Լայչակն ասաց, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը երկկողմանիորեն հստակ հաստատել են, որ դեռևս տեղ կա խթանելու երկկողմ հարաբերությունները, խորացնելու համագործակցությունը:

Նա վստահ է, որ Սլովակիայի ներկայացուցչության գոյությունը կնպաստի դրան: «Մեծ ակնկալիքներ ունենք այն փաստից, որ տեղում կունենանք դեսպանատուն, որը առաջ կտանի մեր քաղաքական երկխոսությունը, կսատարի ժողովրդի շփումներին, ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն կրթության, մշակույթի, զբոսաշրջության փոխանակումների ասպարեզում, նաև ժողովրդական կոնտակտներում: Ակնկալում ենք, որ մեր դեսպանատունը վեր կհանի ավելի մեծ հնարավորություններ տնտեսական համագործակցության համար»,- ասաց Միրոսլավ Լայչակը:

Եվրոպացի նախարարը նաև նշեց, որ այս առիթից օգտվելով՝ համապարփակ քննարկումներ են ծավալել երկկողմ հարաբերությունների շուրջ, քննարկել տարածաշրջանային զարգացումները:

«Նախարարը տեղեկացրեց իր վերջին հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որը տեղի ունեցավ Ժնևում հունվար ամսին: ԵՄ-ՀՀ հարաբերություններն ենք քննարկել, և այստեղ կցանկանայի գնահատել այն փաստը, որ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ն արդեն պայմանական գործարկվել է, նոր հնարավորություններ է բացում ԵՄ-ի և ՀՀ-ի միջև, քննարկեցինք Արևելյան գործընկերություն ծրագիրը, հունիս ամսին տեղի կունենա ԱլԳ հաջորդ գագաթաժողովը, որը կգույքագրի այս ծրագրի տասը տարին, կնախանշի հետագա համագործակցությունը: Ապրիլի սկզբին Վիշեգրադի քառյակի ավանդական ժողովը տեղի կունենա, որի ընթացքում կպատրաստվենք ԱլԳ գագաթաժողովին: ՄԱԿ-ում ենք արդյունավետ համագործակցում: Այս տարի Սլովակիան և Հայաստանը ՄԱԿ-ում ՄԻ խորհրդում են, Սլովակիան պատրաստ է կիսվել իր փորձառությամբ: Փայլուն հնարավորություն էր այստեղ գտնվելը: Մեծ իրադարձություն է մեր երկու երկրների համար դեսպանատան բացումը: Ամեն օր չէ, որ նման իրադարձություն է տեղի ունենում»,- ասաց եվրոպացի նախարար Լայչակը:

Տեսանյութեր

Լրահոս