«Ոստիկանապետ կլինի այն մարդը, որին կնշանակի վարչապետը, կներկայացնի հանրապետության նախագահին և կստանա հավանություն». Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կողմնակից է ՀՀ արդարադատության նախարարության ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործունեության ծրագրին, որով  ոստիկանությունը պետք է վերափոխվի ներքին գործերի նախարարության: Թեմայի շուրջ այսօր կազմակերպված հանրային  քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց նաև.

«Ես՝ որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ, այս պրոցեսի մեջ ունեմ որոշակի շահագրգռվածություն, որպեսզի ճիշտ ուղղությամբ քննարկումները տեղի ունենան, և հասարակությունն էլ հնարավորինս շատ ներգրավված լինի այս քննարկումների մեջ, որովհետև հասարակությունը պետք է գիտակցի, որ լավ ոստիկանություն ունենալը բխում է բոլորիս շահերից, առաջին հերթին՝ քաղաքացու»:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի վկայությամբ՝ նախագծում առաջին կարևոր փոփոխությունը հենց կառավարման փոփոխությունն է, ինչի արդյունքում, ըստ Քոչարյանի, ոստիկանությունը դիտարկվելու է որպես ոչ թե՝ վարչապետին ենթակա, այլ՝ կառավարության մաս:

«Ամենակարևոր որոշումն այդտեղ է, դրանից բխող հետևանքներով: Դա էապես փոխում է նրա դերը կառավարման համակարգում: Դրանից հետո նայվում է ոստիկանության գործառույթները. ի՞նչ պետք է ավելացնել, ի՞նչ պետք չէ ավելացնել»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Ըստ Քոչարյանի՝ ոստիկանության բարեփոխումների օրինակ է մոտ մեկ ամիս առաջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ոստիկանությանը գաղտնալսման հնարավորություններ տալը:

«Բայց դա էպիզոդիկ էր, դեռ վերջնական որոշումը չկար, թե ինչպիսին պետք է լինի ոստիկանության կառավարման բնույթը: Կարծում եմ, որ հիմա դա կլինի ամբողջության մեջ. ի՞նչ գործիքակազմով, ի՞նչ անձնակազմով, ի՞նչ ֆունկցիոնալ խնդիրների շրջանակում»,- ասաց պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանը կողմնակից է Ոստիկանության՝ ներքին գործերի նախարարության վերածվելուն, նաև, որովհետև, իր խոսքով, նման համակարգում իր առաջին քայլերն արել է 1992 թվականին, երբ իրեն նշանակել են ներքին գործերի նախարարի տեղակալ:

«Ճիշտ հասկացեք, դրա լավ ու վատ կողմերը կարող ենք անընդհատ քննարկել, բայց այսօր մենք պետք է գտնենք լավագույնը, որովհետև երբ Հայաստանն ասում է, որ ինքը գնում է փոփոխությունների, այդ փոփոխությունները առկա են քաղաքական մակարդակում, իսկ կառավարման համակարգում այդ փոփոխությունները պետք է արտացոլում գտնեն բոլոր կառավարական՝ գործադիր, թե օրենսդիր, թե դատական համակարգում ներդաշնակ դրսևորումների տեսքով»,- ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ եթե անհրաժեշտություն չլիներ, փոփոխությունների մասին խոսք չէր լինի, և իրենք  կհարմարվեին եղածի հետ:

Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ո՞վ կարող է զբաղեցնել ոստիկանապետի պաշտոնը, ասաց, որ կարևոր չէ, թե այդ մարդը կլինի համակարգի՞ց, թե՞ ոչ:

«Ոստիկանապետ կլինի այն մարդը, որին կնշանակի վարչապետը, կներկայացնի հանրապետության նախագահին և կստանա հավանություն: Որևէ նշանակություն չկա՝ համակարգի՞ց կլինի, թե՞ համակարգից դուրս: Պետք է լինի շատ արժեքավոր նշանակում իր բոլոր չափորոշիչներով՝ բարոյական նկարագրով, անցած ուղով, քաղաքական իր պատկերացումներով, երկրի և ներքին  կյանքի, տվյալ կառույցի օրինականության խնդիրներն ինչպես է պատկերացնում, անօրինական դրսևորումները ոնց պետք է չեզոքացվեն: Ամեն դեպքում մենք պետք է ունենանք հասարակության համար և հասարակության կողքին կանգնած ոստիկանություն»,- պարզաբանեց Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին, թե արդյո՞ք  ոստիկանության գործող ժամանակավոր պաշտոնակատարը համապատասխանում է թվարկված պահանջներին, պատգամավորն ուղիղ պատասխան չտվեց:

«Ներկայիս պաշտոնակատարը պաշտոնավարում է, մինչև որ կլուծվեն մնացած բոլոր խնդիրները: Կարծում եմ՝ այդ հարցերը պետք է տաք հանրապետության վարչապետին»,- հարցին ի պատասխան՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս